Մհեր Գրիգորյանի գրասենյակը հերքում է Ադրբեջանի փոխվարչապետի հայտարարությունը

Հունիսի 2-ին Մոսկվայում անցկացվեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հերքում է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի այն հայտարարությունը, թե Նախիջևան տանող հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքում հսկելու են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները։ Այս մասին հայտնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը։
Հայտնել ենք, որ «Մոսկվա-Բաքու» պարբերականի հետ զրույցում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն ասել էր`առաջադրանքները շատ պարզ են. նախատեսվում է վերականգնել առկա տրանսպորտային հաղորդակցություններն ու կառուցել նորերը, որոնք Նախիջևանը կկապեն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ։

«Եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների, այդ թվում՝ վերջին հանդիպման ընթացքում, նման պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Հայաստանի դիրքորոշումը եղել է և շարունակում է մնալ այն, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսված ճանապարհները պիտի գործեն կողմերի ինքնիշխանության և իրավազորության ներքո, փոխադարձության սկզբունքով», –լրատվականի հարցմանն ի պատասխան ասել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից ։

Հիշեցնենք` հունիսի 2-ին Մոսկվայում անցկացվեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստը:
Հանդիպումից հետո ՀՀ կառավարությունը հայտարարեց, որ էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում: Մասնավորապես ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում: