ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ Օտտավան Ուկրաինային կհատկացնի ևս 500 մլն կանադական դոլար (375 մլն ԱՄՆ դոլար) ռազմական օգնություն։ Նոր փաթեթի շրջանակներում նախատեսվում է սպառազինության մատակարարում, գրում է կանադական CTV News-ը:
Ռազմական օգնության մասին Կանադայի վարչապետը հայտարարել է Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Թրյուդոն այսօր Կիև է ժամանել չհայտարարված այցով: Նրա խոսքով՝ Կանադան կմասնակցի նաև ուկրաինացի օդաչուների ուսուցմանը և կմիանա այն երկրների խմբին, որոնք օգնում են սպասարկել տանկերը:
Բացի այդ, Կանադայի վարչապետը հայտարարել է 24 ֆիզիկական և 17 իրավաբանական անձանց դեմ նոր պատժամիջոցների մասին, որոնք, ինչպես ենթադրվում է, աջակցում են հատուկ ռազմական գործողության անցկացմանը:
Նշենք, որ Թրյուդոն Ուկրաինայում եղել է ավելի քան մեկ տարի առաջ:
Հունվարի վերջին Կանադայի կառավարությունը հայտնել էր, որ անցած տարվա փետրվարից Կանադան Ուկրաինային ավելի քան 1 մլրդ դոլարի ռազմական օգնություն է հատկացրել:
Փետրվարի 3-ին Կանադայի ազգային պաշտպանության նախարար Անիտա Անանդը պատմել է, որ իր արևմտյան գործընկերների հետ քննարկել է Ուկրաինային ռազմական տեխնիկայի, այդ թվում ՝ մարտական տանկերի մատակարարումը:
Այնուհետև Կանադայի ՊՆ-ն հայտնել է Leopard 2 առաջին տանկը Կիև ուղարկելու մասին: