ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Հայաստանը կարևորում է Պորտուգալիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունները։ Պորտուգալական Հանրապետության նախագահ Մարսելու Ռեբելու Դե Սոուզային ազգային տոնի՝ Պորտուգալիայի օրվա կապակցությամբ ուղղված ուղերձում այս մասին ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Համոզված եմ, որ մեր երկրների միջև հաջողությամբ ծավալվող քաղաքական երկխոսությունը կնպաստի հայ-պորտուգալական կապերի և բազմոլորտ համագործակցության առավել խորացմանն ու ամրապնդմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության և Պորտուգալական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. մայիսի 25-ից։