Հայաստանի ու Արցախի շուրջ աղետալի զարգացումներ, թմրամոլության աճ․ ավարտվել է ԳՀԽ ժողովը

Ժողովականներն իրենց զորակցությունն են հայտնել Արցախի ժողովրդին և իշխանություններին՝ ընգդծելով սոցիալական աջակցության ծրագրերի ընդլայման անհրաժեշտությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Գերագույն հոգևոր խորհուրդը կարևորում է, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվեն ազգի արժանապատվությունը ոտնահարող գործողություններից։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը՝ տեղեկացնելով, որ ավարտվել է 4 օր տևած ԳՀԽ ժողովը։
Նշվում է, որ ժողովի ընթացքում առանցքային հարցերից է եղել Հայաստանի և Արցախի շուրջ աղետալի զարգացումները, զեկույցներով են հանդես եկան Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը և ԳՀԽ անդամ, ի.գ.դ. Գևորգ Դանիելյանը։
«Մասնավորաբար անդրադարձ է կատարվել շրջափակման հետևանքով Արցախի ժողովրդին սպառնացող ցեղասպանության վտանգին և Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ իրականացվող ոտնձգություններին։ Անհանգստությամբ անդրադարձ եղավ նաև երկրի ներսում գոյացած մարտահրավերներին, հասարակական անհամերաշխությանն ու բևեռացվածությանը»,-նշվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ ԳՀԽ-ն խոր մտահոգությամբ արձանագրել է հայրենական կյանքում ստեղծված ծանր կացությունը, կարևորել, որ Հայաստանի իշխանությունները արտաքին թշնամիների նվաստացուցիչ հավակնություններին ու պահանջներին հակադրեն իրատեսական և բացառապես հայանպաստ դիրքորոշումներ՝ պաշտպանելով Արցախի ժողովրդի ինքնորոշման անսակարկելի իրավունքը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22–ի ասուլիսում նա հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որԱդրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև Խորհրդային Ադրբեջանի անկլավները։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։

Ժողովականներն իրենց զորակցությունն են հայտնել Արցախի ժողովրդին և իշխանություններին՝ ընգդծելով սոցիալական աջակցության ծրագրերի ընդլայման անհրաժեշտությունը։
Ժողովում քննարկվել է նաև հանրակրթական դպրոցների կրթական ծրագրից «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դուրսբերման հարցը։
«Քննարկումների ընթացքում ԳՀԽ-ն, վերահաստատելով իր դիրքորոշումը, անթույլատրելի համարեց առարկայի դուրս բերումը հանրակրթական ծրագրից՝ ընդգծելով, որ այն կարևոր գործոն է սերունդների դաստիարակության ու կրթության առաքելության մեջ»,-փոխանցում են Մայր Աթոռից։
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի կարևորության համատեքստում անդրադարձ է եղել հատկապես անչափահասների շրջանում բռնությամբ ուղեկցվող ծանր հանցագործությունների ու թմրամոլության ահագնացող աճին։ Կարևորվել է, որ իշխանությունները գործնական և արդյունավետ քայլեր իրականացնեն՝ պայքարելու հիշյալ երևույթների դեմ։
Քառօրյա ժողովի ընթացքում քննարկվել են նաև Եկեղեցու Նվիրապետական Աթոռների ու թեմերի գործունեությանը, Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչվող այլ հարցեր: Փոփոխություններ են կատարվել նախատեսվող արարողությունների օրերում՝ պայմանավորված Մայր Տաճարի հիմնանորոգման աշխատանքներով։
Նշենք, որ վերջին շրջանում, պայմանավորված Հայաստանի ու Արցախի առջև ծառացած լրջագույն խնդիրներով, ակտիվացել է Հայ առաքելական եկեղեցին։ Այդ համատեքստում Մայր Աթոռում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ տեղի է ունեցել նորաստեղծ «Գավիթ» հարթակի անդրանիկ քննարկումը, որին մասնակցել են եկեղեցականներ, ազգային, հասարակական, քաղաքական գործիչներ և տարբեր ոլորտների այլ ներկայացուցիչներ։ Հունիսի 6-ին Հայաստան է ժամանել Կ. Պոլսի Հայոց պատրիարք ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը` մասնակցելու Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին։ Դրանից բացի, հովվապետական այցով Կանադա է մեկնել Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը` նպատակ ունենալով նաև վերակազմակերպել սփյուռքի հայ օջախները` «Հզոր սփյուռք` հզոր Հայաստան և հզոր Արցախ» տեսլականով։