ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը կիրականացնեն Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն։ Այս մասին «Մոսկվա-Բաքու» պարբերականի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Ռուսաստանի կողմից վերահսկողություն կիրականացվի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ։
«Բանակցություններն ընթանում են 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի համատեղ հայտարարության 9-րդ կետի հիման վրա՝ դրա դրույթների շուտափույթ իրականացման նպատակով։ Առաջադրանքները շատ պարզ են։ Նախատեսվում է վերականգնել առկա տրանսպորտային հաղորդակցություններն ու կառուցել նորերը, որոնք Նախիջևանը կկապեն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ։ Կապահովվի ինչպես ուղևորափոխադրումների, այնպես էլ բեռնափոխադրումների իրականացումը», - նշել է Ադրբեջանի փոխվարչապետը։
Նա հավելել է, որ այս պահին տեխնիկական մանրամասների համաձայնեցման շուրջ քննարկումներ են ընթանում։
Հիշեցնենք` հունիսի 2-ին Մոսկվայում անցկացվեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստը:
Հանդիպումից հետո ՀՀ կառավարությունը հայտարարեց, որ էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում: Մասնավորապես ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում: