ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Հունիսի կեսերին երկրին կմոտենան երկու խոշոր, պոտենցիալ վտանգավոր աստերոիդ` 1994 XD-ն և 2020 DB5-ը: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները` հղում անելով օպտիկական աստղադիտակների միջազգային ցանցին` Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Կելդիշի անվան Կիրառական մաթեմատիկայի ինստիտուտին։
Հայտնի է դարձել, որ 1994 XD-ն հունիսի 12-ին Երկրին ամենամոտը կլինի 1994 թվականի դեկտեմբերին դրա հայտնաբերումից ի վեր: Երկնային մարմինը և մոլորակը իրարից հեռու կլինեն 3,2 միլիոն կիլոմետր, ինչը ութ անգամ գերազանցում է Լուսնի հեռավորությունը:
Հունիսի 15-ին տեղի կունենա 3 տարի առաջ հայտնաբերված 2020 DB5 աստերոիդի մերձեցումը: Այն կգտնվի Երկրից-Լուսին հեռավորությունից 11 անգամ ավելի հեռու։
Կիրառական մաթեմատիկայի ինստիտուտում նշել են, որ այսօրվա դրությամբ մերձերկրային շատ աստերոիդներ շարունակում են անհայտ մնալ և կարող են «անսպասելիորեն ընկնել մեր գլխին»: Սակայն դրա իրական հավանականությունը ցածր է, հավելել են մասնագետները։
Ավելի վաղ ինստիտուտի գիտնականները հաշվարկներով գտել էին այն աստերոիդը, որը Երկրին ամենամոտն է եղել 21-րդ դարում: Դա օբյեկտ 2006 HV5-ն է եղել` մոտ 300 մետր տրամագծով։ Աստղագետներն այն ֆիքսել էին մոլորակից 2,4 միլիոն կիլոմետր հեռավորության վրա։