Միանգամայն կանխատեսելի շրջադարձ էր, որովհետև այն պահից, երբ Գայանե Հակոբյանը հրաժարվեց Ռուբեն Մելիքյանի ու նրա գործընկերոջ փաստաբանական ծառայություններից, որոնց հայտարարության մեջ ակնարկ կար, թե տիկին Գայանեին քաղաքական փաստաբաններ պետք չեն, արդեն ակնհայտ դարձավ, որ Գայանե Հակոբյանի հետ աշխատել են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան հ/կ նախագահ, նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով զոհված զինծառայողի մոր` Գայանե Հակոբյանի գործով դատական վճիռը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր վճռեց մեղավոր ճանաչել Գայանե Հակոբյանին (Մարտիրոսյան) ՀՀ Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի հատկանիշներով (առևանգում) ու դատապարտել 4 տարի ժամկետով ազատազրկման, սակայն որոշեց պայմանականորեն չկիրառել պատիժն ու նշանակեց 1 տարի փորձաշրջան:
Դատարանի դռնփակ նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ անձնապես ուրախ է, որ զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը` Գայանե Հակոբյանը, դատարանի դահլիճից ազատ արձակվեց։
«Ես չեմ մեղադրում զինվորի մորը, որևէ մեկը դրա բարոյական իրավունքը չունի։ Եթե այսօր կան ընդդիմադիր պատգամավորներ, ովքեր տոտալ գործարքի են գնացել իշխանության հետ, ապա նման պայմաններում ճիշտ չէ որդուն կորցրած մորը մեղադրել, եթե նա չի ցանկանում բավականաչափ ծանր հոդվածով դատվել։ Այն ժամանակ, երբ զոհված զինծառայողների ծնողները կառավարության շենքի դիմաց նստացույց էին անում, տիկին Գայանեի հարազատները մոտեցան նրանց` խնդրելով չբղավել «Նիկոլ, դավաճան», չքաղաքականացնել գործընթացը։ Այդ պահից ինձ համար պարզ դարձավ, որ վարչապետը գործի է դրել իր մշտական գործիքակազմը` մարդու վրա քրեական և բարոյական ճնշում գործադրելը»,– ասաց Զոհրաբյանը
Ըստ նրա` Նիկոլ Փաշինյանը շարունակում է իշխանությունն օգտագործել անգամ զոհված զինվորի մորն ահաբեկելու համար, հետևաբար քրեական պատասխանատվության չենթարկելու, կալանավայր չուղարկելու համար տիկին Գայանեին պարտադրել են ներողություն խնդրել Աշոտ Փաշինյանից։
«Դա փաստ է, և մենք պետք է ունենանք խիզախություն իրերը կոչել իրենց անունով։ Պարզ է, թե այս ամենն ինչի համար է արվել։ Այն պահից, երբ զոհված զինվորների ծնողները քննչական կոմիտեի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ հայտարարեցին, որ իրենց պայքարն այլևս իրավական չէ, այլ քաղաքական է, ակնհայտ դարձավ, որ վերոհիշյալ դատավարությամբ Նիկոլ Փաշինյանը ձգտում է մեկ խնդիր լուծել` թույլ չտալ որևէ ընդվզում, քանի որ ապատիկ այս իրականության մեջ զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները կարող էին դառնալ «հականիկոլական» լուրջ շարժման գեներատորը։ Փաշինյանական ռեժիմը պարզապես փորձում է գլխատել այդ հնարավոր շարժումը»,– ասաց մեր զրուցակիցը։
Զոհրաբյանի կարծիքով` մյուս կողմից էլ բոլորին հասկացնում են, որ ցանկացած ոք կարժանանա տիկին Գայանեի ճակատագրին և հլու–հնազանդ ներողություն կխնդրի վարչապետի ընտանիքի այս կամ այն անդամից։
«Առասարակ պետք է բոլոր պահանջները ներկայացնել բացառապես Փաշինյան ամուսիններին կամ իշխող քաղաքական թիմին։ Ես կատեգորիկ դեմ եմ, որպեսզի թիրախավորվեն որևէ մեկի ընտանիքի անդամները, հատկապես երեխաները` անկախ իրենց արժեհամակարգից ու ընկալումներից»,– եզրակացրեց նախկին պատգամավորը։
Հիշեցնենք` մայիսի 17-ին տեղեկություն տարածվեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Վերջինս հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որից հետո ՀՀ քննչական կոմիտե քրեական գործ հարուցեց մարդուն առևանգելու հոդվածով, կալանավորվեց մեկ անձ` զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը` Գայանե Հակոբյանը։
Հունիսի 5-ին հայտնի դարձավ, որ զոհված զինծառայողի մոր խափանման միջոցը փոխվել է, ընտրվել է տնային կալանքը։ Սակայն նույն օրը Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը որոշեց տնային կալանքը փոխարինել 1 ամիս 15 օր կալանքով։