ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Շահագործման է հանձնվել Իրանի հյուսիս–արևմուտքում գտնվող Արևելյան Ադրբեջան նահանգի Միյանե, Բոստանաբադ և Թավրիզ քաղաքները միացնող և ՏՐԱՍԵԿԱ միջանցքի մաս կազմող երկաթգիծը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղումա նելով Fars գործակալությանը։
Բոստանաբադից մինչև Թավրիզի «Խավարան» կայարան ընկած երկաթուղու բացման արարողությունն անցկացվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մասնակցությամբ։
Այդ երթուղին Իսլամական Հանրապետությանը կկապի Եվրոպայի հետ և կավելացնի միջազգային գործարքների քանակն ու եվրոպական երկրներ արտահանվող ապրանքների ծավալը։
Երկաթուղային գծի շինարարությունն ավարտին է հասցվել 22 տարվա դադարից հետո։
Ինչպես նշում է գործակալությունը, այս հատվածի բացումով Թեհրանից Թավրիզ երկաթուղային ճանապարհը կկրճատվի 114 կմ–ով, հետևաբար կկրճատվի նաև ժամանակը։ Երթուղու առավելություններից մեկը թողունակության ավելացումն է տարեկան 7 մլն տոնն բեռով և 2 մլն ուղևորով։ Բացի այդ, երկգիծ երկաթուղին կմիացնի Անդրիրանական երկաթգիծը Հյուսիս–արևմտյանի հետ` բարելավելով երկրի երկաթուղային ցանցի փոխկապակցվածությունը։
«Գործարկելով Միյանե–Բոստանաբադ–Թավրիզ երկաթուղային նախագիծը, իրանական տարանցիկ երկաթգիծն առաջին անգամ կմիացվի Եվրոպայի հետ (Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի երկաթգծերով – խմբ.), իսկ Ջուղայով և այլ ցամաքային ու ջրային սահմաններով դրա միացումը Նախիջևանի, Երևանի և Թբիլիսիի երկաթգծերի հետ կավելացնի միջազգային գործարքների քանակը և ապրանքների արտահանումը Ադրբեջան, Հայաստան և Թուրքիա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՏՐԱՍԵԿԱ միջազգային տրանսպորտային միջանցքը ներառում է Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացման վերաբերյալ միջազգային տրանսպորտի մասին բազմակողմ հիմնական համաձայնագրի 13 անդամ երկրների տրանսպորտային համակարգը։ Համաձայնագրին մասնակցում են Հայաստանը, Ադրբեջանը, Բուլղարիան, Վրաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Ռումինիան, Տաջիկստանը, Թուրքիան, Ուկրաինան և Ուզբեկստանը։