Ինչու է ակտիվացել ԱՄՆ–ն հայ–թուրքական հարաբերություններում. փորձագետի դիտարկումները

Հաքան Ֆիդան
Թուրքագետը կարծում է, որ ԱՄՆ–ն շահագրգռված է հայ –թուրքական հարաբերությունների կարգավորմամբ` ՌԴ–ին տարածաշրջանից դուրս թողնելու համատեքստում, սակայն այդ հարաբերություններում արմատական փոփոխություն դեռ չի ակնկալում։
Sputnik
Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսազրույցում հայ–թուրքական հարաբերություններին անդրադարձը պետք է դիտարկել Ռուսաստանի Դաշնությանը տարածաշրջանից դուրս թողնելու գործընթացի համատեքստում։ Նման կարծիք Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց թուրքագետ Նելլի Մինասյանը
Ֆիդան–Բլինկեն հեռախոսազրույցում հայ–թուրքական, հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցերը քննարկվել էր իրենց համար այնպիսի կարևոր հարցերի շրջանակում ինչպիսին են Շվեդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելը, F-16-ների ձեռքբերումն ու արդիականացումը, ինչպես նաև ուկրաինական հացահատիկի մասին համաձայնագիրը։ Ավելի վաղ Ֆիդանը հեռախոսազրույց էր ունեցել նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։
Ըստ Մինասյանի` ԱՄՆ–ն միշտ ցանկացել է կարգավորել հատկապես հայ–թուրքական հարաբերությունները, դա իրենց համար կարևոր խնդիր է եղել նաև տարածաշրջանային քաղաքականության համատեքստում։
«Եթե մի պահ պատկերացնենք, որ հայ–թուրքական հարաբերությունները կարգավորված են` մեր տարածաշրջանում և նաև տարբեր խոշոր պետությունների միջև բավականի մեծ խնդիրներ կվերանանն։ Այստեղ պետք է առաջին հերթին դիտարկել Ռուսաստանի և Արևմուտքի գործոնը։ Նրանց նախաձեռնողականությունը այդ հարաբերությունների կարգավորման մինիմումը Ռուսաստանի ազդեցության որոշ չափով թուլացման, մաքսիմումը՝ տարածաշրջանից ՌԴ–ի դուրս մղման գործընթացի մեջ պետք է դիտարկել»,–ասում է թուրքագետը։
Փորձագետի խոսքով` Միացյալ Նահանգները նման ակտիվությամբ աշխատում է ոչ միայն այս տարածաշրջանում, այլ նաև կենտրոնական Ասիայի ուղղությամբ։ Այսինքն` սա համալիր ծրագրի տարբեր բաղադրիչներ են ընդդեմ Ռուսաստանի։
«Այստեղ կա մի կարևոր ճշմարտություն, որ մենք ինչ տիպի աշխարհաքաղաքական խնդիրներ քննարկենք, որը կապված կլինի հետխորհրդային տարածաշրջանների հետ, պետք է հիմք ընդունենք վերջին մադրիդյան գագաթնաժողովում ՆԱՏՕ–ի ընդունած փաստաթուղթը , որտեղ Ռուսաստանը դիտվում է որպես թշնամի երկիր, և բոլոր քայլերը ուղղված են Ռուսաստանի դիրքերի թուլացմանը»,–ասում է նա։
Անդրադառնալով հայ–թուրքական հարաբերությունների ներկայիս վիճակին և Ռուբինյան–Քըլըչ հանդիպումների դադարելուն` մեր զրուցակիցը ընդգծեց, որ հանդիպումից հետո տեղի ունեցան այնպիսի գործընթացներ, որոնց պարագայում այդ դրանք նպատակահարմար չդարձան, և/կամ գործընթացները հասան մի կետի, որից հետո պետք էր ավելի լուրջ նախաձեռնողական քայլեր պետությունների մակարդակով։
Էրդողանը կմեկնի Բաքու․ նա և Ալիևը հայտարարություններ են պատրաստում Հարավային Կովկասի մասին
«Տեղի ունեցած հեռախոսազանգը վկայում է, որ որոշակի երկխոսություն է սկսվել ԱԳ նախարարների միջև... Ֆիդանի նշանակումը արտգործնախարարի պաշտոնում նշանակում է, որ Թուրքիան կփորձի ակտիվացնել իր քաղաքականությունը Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում... Ֆիդանը կողմնակից է եղել Թուրքիայի և նրա հարևանների միջև հարաբերությունների կարգավորմամբ, որովհետև մենք միակը չենք, որ Թուրքիայի հետ չունենք նորմալ հարաբերություներ»,–ասաց նա։
Թե ինչ զարգացում կունենա հարաբերություններ կարգավորման այս ընթացքը, թուրքագետը կրկին կապում է ուկրաինական ճգնաժամի և աշխարհաքաղաքական զարգացումների հետ, բայց և հիմքեր չի տեսնում, որ Թուրքիան կցանկանա արմատական փոփոխությունների գնալ և ամբողջապես կարգավորել դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի հետ։