ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Միջազգային գործընկերների հասցեական հայտարարությունները և ճնշումը կարող են կանխել Ադրբեջանի կողմից հետագա ագրեսիան, ինչպես նաև նպաստել անպատժելիության մթնոլորտի վերացմանը։ Այս մասին ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ: Տեղեկությունը հայտնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը։
Սիմոնյանը գործընկերներին է ներկայացրել հետպատերազմյան իրավիճակը և մանրամասնել տարածաշրջանի բարդ իրադրությանն առնչվող հարցեր:
«Նա նշել է, որ մեր երկրում հետևում են Մեծ Բրիտանիայի խորհրդարանում տեղի ունեցող զարգացումներին և բոլոր այն խորհրդարանականների գործունեությանը, որոնք ի ցույց դրեցին 2020 թվականի պատերազմից հետո մեր տարածաշրջանում իրավիճակի ընկալման մակարդակը»,– ասված է հաղորդագրության մեջ:
ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները խոսել են արցախահայության շրջափակման, Լաչինի միջանցքի ճգնաժամի և Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական զինուժի ոտնձգությունների մասին:
Անդրադարձ է արվել նաև Հայաստան–Միացյալ Թագավորություն երկկողմ հարաբերությունների օրակարգին։