Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դատարանում պարտվեց Իշխան Սաղաթելյանին

Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը . Արխիվային լուսանկար
Բողոքի ակցիաների կազմակերպման համար քաղաքապետը պահանջում էր Սաղաթելյանին տուգանել ընդհանուր 1 միլիոն 200 հազար դրամի չափով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Վարչական դատարանում պարտվեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին։ Ֆեյսբուքյան իր էջում գրում է փաստաբան Վահե Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ նախորդ տարի Երևանի քաղաքապետը 4 հայց էր ներկայացրել ընդդեմ Իշխան Սաղաթելյանի` քաղաքում անցկացվող բողոքի ակցիաների և շտապ հավաքների անցկացման համար։ Քաղաքապետը պահանջ էր ներկայացրել տուգանել Սաղաթելյանին հավաքների համար մինչև 300 հազար դրամի չափերով։
Այսինքն՝ ներկայացված չորս հայցերով, ընդհանուր առմամբ, քաղաքապետը պահանջում էր1 մլն 200 հազար դրամի չափով տուգանքի նշանակում։ Փաստաբանը տեղեկացնում է, որ հայցերից մեկն արդեն մերժվել էր։
«Մեր պահանջը բավարարվել է, Երևանի քաղաքապետի հայցն ընդդեմ Իշխան Սաղաթելյանի մերժվել է: Մյուս երեք գործերով եզրափակիչ դատական ակտերի մասին կծանուցեմ հաջորդիվ»,- գրել է Գրիգորյանը։
Նշենք, որ Հրաչյա Սարգսյանը պահանջել էր Սաղաթելյանին վարչական պատասխանատվության ենթարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 1-ին մասով (Առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու կամ իրազեկման պայմանների խախտմամբ հավաք անցկացնելըառաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի կամ ղեկավարի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով)։
Այն հայցը, որը մերժեց դատարանը, վերաբերում էր 2022 թվականի հունիսի 16-ին։
Ըստ Սաղաթելյանի՝ այդ օրը հավաք չի եղել, այլ եղել է իրազեկման երթ: