ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության երկրները կսկսեն մոտեցնել «կանաչ» տնտեսության ստանդարտները։ Այս մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի օգնական ԻյաՄալկինան հայտարարել է երեկ Սոչիում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո։
Մալկինան նշել է, որ վարչապետների հանդիպմանը այդ թեմայով զեկույց է ներկայացրել ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը: Զեկույցը մեծ հետաքրքրություն է առաջացրել, քանի որ ազգային կառավարությունները հասկանում են, որ ապագայում անհրաժեշտ կլինի համաձայնության գալբնապահպանական ստանդարտների շուրջ, հակառակ դեպքում ԵԱՏՄ ներքին շուկայում անխուսափելիորեն առևտրի արգելքներ կհայտնվեն (ավելի առաջադեմ «կանաչ» ստանդարտներով երկրները չեն ընդունի պակաս «կանաչ» ապրանքները):
Նրա խոսքով՝ կառավարությունների ղեկավարները ԵՏՀ մարմիններին հանձնարարել են Միության կանաչ օրակարգի վերաբերյալ մոտեցումներ մշակել, որոնցում նախատեսված կլինեն կոոպերացիոն կլիմայական նախագծեր (արտանետումների կրճատման և կլիմայի փոփոխության դեմ պայքարի վերաբերյալ): Կողմերը նաև ձեռնամուխ կլինեն «ցածր ածխածնային» (low-carbon) զարգացման ընդհանուր քաղաքականության մշակմանը։
«Առայժմ միասնական նորմատիվների մասին խոսք չկա, բայց այս փուլում մենք հույս ունենք գոնե համաձայնեցված քաղաքականության հասնելու»,-պարզաբանել է Մալկինան:
Հաջորդ փուլում նախատեսվում է սկսել էներգաարդյունավետության ընդհանուր ստանդարտների մշակումը (արտադրական գործողությունների և լայն սպառման ապրանքների համար):
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը: