ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. ԵԱՏՄ-ում բեռնափոխադրումների վերահսկման համար նավիգացիոն կապարակնիքների միասնական թվային համակարգի մշակումը կսկսվի 2024 թվականից։ Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան նախօրեին Սոչիում կայացած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի արդյունքների վերաբերյալ ճեպազրույցի ժամանակ:
Նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին ընդհանուր համաձայնագիրն արդեն ուժի մեջ է մտել, ներկայումս կողմերն աշխատում են «երկրորդ մակարդակի» փաստաթղթերի վրա, որտեղ կհստակեցվեն դրանց կիրառման տեխնիկական մանրամասները: Մանրամասների մի մասն արդեն հաստատված է, հավելել է Մալկինան։
ԵՏՀ-ում հույս ունեն, որ համաձայնագրի մշակումն ընդհանուր, եվրասիական մակարդակում կսկսվի 2024 թվականից։ Մինչ այդ անդամ երկրներն իրենց նախաձեռնությամբ «սովորում են» կոնկրետ ապրանքների վրա դրված կապարակնիքներին։
Առաջին փորձարկումը սկսել են Ռուսաստանն ու Բելառուսը՝ փայտանյութի և փայտամշակման արտադրանքի հետ կապված։ Երկրորդ փորձարկումը օրերս գործարկվել է մի շարք բեռների հետ կապված, որոնք Ղրղզստանից Ռուսաստան են տեղափոխվում Ղազախստանի տարածքով։ Երկու դեպքում էլ ընտրվել են բեռներ, որոնց հսկողության հետ նախկինում լուրջ խնդիրներ էին առաջացել։
Հայաստանը նման նախաձեռնություններ առաջ չի քաշել, ամենայն հավանականությամբ այն պատճառով, որ չհաշվառված ապրանքների փոխադրումը նրա համար այդքան էլ ակտուալ չէ։ Քանի որ Հայաստանը ԵԱՏՄ մյուս երկրների հետ ընդհանուր սահման չունի, ապա բեռներն այսպես թե այնպես ստուգում են անցնում երկիր մտնելիս կամ դուրս գալիս։ Այդուհանդերձ, Հայաստանն ակտիվորեն մասնակցում է ընդհանուր, եվրասիական օգտագործման համար տարանցիկ կապարակնիքների համակարգի ձևավորմանը, հավելել է Մալկինան։
Ամբողջ աշխարհում, այդ թվում ԵԱՏՄ երկրներում, լայնորեն կիրառվում են սովորական մաքսային կապարակնիքները, որոնց միջոցով ստուգում են՝ արդյոք բեռը չի բացվել կամ փոխարինվել մինչև մաքսազերծումը։ Թվային կնիքները սովորականից տարբերվում են նրանով, որ դրանք պարունակում են բոլոր տեղեկությունները բեռների տոննաժի և անվանացանկի, ուղարկողների և ստացողների մասին։ Կնիքները հագեցած են նաև կապի մոդուլով, որով մաքսային ծառայողները կարող են տեսնել, թե տվյալ պահին որտեղ է գտնվում բեռնարկղը: Այս ամենը նվազագույնի է հասցնում բեռների կրկնակի զննումների անհրաժեշտությունը, ինչը նշանակում է, որ արագացնում է դրանց տեղաշարժը։