Արցախից ևս 15 բուժառու է Հայաստան տեղափոխվել

ԿԽՄԿ-ի ավտոմեքենա
Այս պահին 11 երեխա և 9 մեծահասակ Արցախի բուժկենտրոնների վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Այսօր Արցախից ևս 15 բուժառու է Հայաստան տեղափոխվել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ բուժառուները տեղափոխվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ։
Նրանք Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնից տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Եվս 16 բուժառուներ, որոնք պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։
««Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 9 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին։ Մինչ այդ` 2022 թվականի փետրվարի 22-ին, Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառեց` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։ Այս որոշումը ոչ միայն չկիրառվեց, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։