ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Թալինի Արագածավան գյուղի Ջրօգտագործողների ընկերության (ՋՕԸ) վերահսկողության պետ, ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը, որը հունիսի 7–ին ծեծի էր ենթարկել գյուղի 24-ամյա բնակչին և ձերբակալվել , ազատ է արձակվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայության պետ Գոռ Աբրահամյանը։
«Արագածավանի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Սուրեն Թորոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ֆիզիկական ներգործությունը) նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը»,-ասաց Աբրահամյանը։
Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով կատարված արարքը (hարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը) պատժվում է տուգանքով` առավելագույնը նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:
Հիշեցնենք՝ ավելի վաղ լրատվամիջոցներով տեղեկություն տարածվեց, որ Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՋՕԸ վերահսկողության պետ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը ծեծի է ենթարկել նույն գյուղի բնակիչ Արմեն Սահակյանին (նա տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ)։ Միջադեպն առաջացրել էր Արագածավանի բնակիչների զայրույթը, վերջիններս փակել էին Գյումրի-Երևան ավտոճանապարհը։