ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Զինծառայողների ատեստավորման գործընթացը շարունակվում է, և դրա շրջանակում «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցներն այսօր ստուգարքներ են հանձնել։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Ուսումնական կենտրոններում ծրագրի մասնակիցները թեստային առաջադրանքների միջոցով ստուգարքներ են հանձնել մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացությունից։ Սա այս օրերին ատեստավորվող զինծառայողների քննական վերջին փուլն էր: «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մյուս շահառուները քննություններ կհանձնեն առաջիկա շաբաթների ընթացքում»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ նախորդ օրերին «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները քննություններ են հանձնել շարային, կրակային և ֆիզիկական պատրաստություն առարկաներից։ Բոլոր ստուգարքների ցուցանիշների համադրմամբ պետք է ամփոփվեն քննությունների արդյունքները, իսկ ստուգող հանձնաժողովները գնահատելու են յուրաքանչյուր զինծառայողի ընդհանուր պատրաստության մակարդակը, որի վերաբերյալ կազմվելու է վերջնական եզրակացություն։
Ատեստավորման փուլը հաջողությամբ հաղթահարած զինծառայողները առաջիկա օրերին կմեկնեն զորամասեր` հետագա ծառայությունը շարունակելու։