Սալմոնելա, խախտումներ. «Գետամեջ» թռչնաֆաբրիկայի գործունեությունը կասեցվել է

Սարքավորումները պատրաստված չեն եղել այնպիսի նյութից, որ հնարավոր լինի լվանալ և ախտահանել դրանք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. «Գետամեջ» թռչնաֆաբրիկայի արտադրական գործունեությունը կասեցվել է հայտնաբերված խախտումների պատճառով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
Տեսչական մարմինը «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հետ զուգահեռ նմուշառում է կատարել տեղական արտադրության պաղեցված թռչնամսի մի քանի ապրանքանիշներից և հանձնել լաբորատոր հետազոտության։ Փորձաքննության արդյունքում «Գետամեջ» ապրանքանիշի պաղեցված հավի նմուշներում հայտնաբերվել է սալմոնելա։
ՍԱՏՄ-ն ստուգում է իրականացրել նաև թռչնաֆաբրիկայում և մի շարք խախտումներ հայտնաբերել։
«Արտադրական շինությունների այն հատվածներում, որտեղ իրականացվում է սննդամթերքի արտադրություն, հատակի և պատերի մակերևույթը պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, դռները եղել են անհարթ՝ պատրաստված չեն եղել չներծծող նյութերից»,– հայտնաբերված խախտումները թվարկում է տեսչական մարմինը։
Չեն եղել ապահով առաստաղների և արտադրական շինությունների վերևում գտնվող կառուցվածքները, այսինքն՝ չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումն ու խոնավության խտացումը։
«Գետամեջ» թռչնաֆաբրիկա
Բացի այդ, սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումները և գույքը պատրաստված չեն եղել այնպիսի նյութերից, որ հնարավոր լինի լվանալ և ախտահանել։ Դրանք նաև բարվոք վիճակում չեն եղել։
ՍԱՏՄ–ն ժամկետ է սահմանել հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
«Գետամեջ» թռչնաֆաբրիկա
ՍԱՏՄ-ն պաղեցված թռչնամսի որոշ տեսակներում հայտնաբերել է անհամապատասխանություններ