ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Պրոբացիայի ծառայությունը մարզերում շարժական տրանսպորտային գրասենյակներ կունենա։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Ինչպես նախագծի զեկույցման ժամանակ հայտարարեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, նորամուծության նպատակը ծառայության աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելն է։
«Ինչպես գիտեք` պրոբացիայի ծառայության գործառույթներն ավելացել են, գրեթե կրկնապատկվել են` ծառայության կողմից նոր պատիժների և խափանման նոր միջոցների կիրառմամբ պայմանավորված»,– ասաց Մինասյանը։
Պրոբացիայի ծառայությունն այժմ ունի 27 գրասենյակ Երևանում ու մարզերում և մեկ մասնագիտական ուսումնական կենտրոն` Արարատ քաղաքում։
«Շարժական տրանսպորտային գրասենյակներում աշխատանքներ իրականացնող ծառայողները, նախապես տեղյակ պահելով շահառուներին, սահմանված օրերին կշրջեն նրանց բնակության վայրերում, կհաշվառեն, կբացատրեն իրավունքներն ու պարտականությունները, կիրականացնեն պատժի կամ վերահսկողության կատարման համար օրենքով սահմանված բոլոր գործառույթները, անհրաժեշտության դեպքում կտրամադրեն իրավաբանական խորհրդատվություն՝ պատժի կամ վերահսկողության վերաբերյալ, ինչպես նաև կտրամադրեն հոգեբանական ծառայություններ, ինչը կնպաստի պրոբացիայի ծառայությանն օրենքով վերապահված գործառույթների արդյունավետ իրականացմանը»,– ասաց նախարարը։
Շարժական գրասենյակների ներդրման համար կառավարության որոշմամբ պրոբացիայի ծառայությանը կհատկացվի 85 մլն դրամ: