ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Լոռու մարզի Գյուլագարակ բնակավայրի մի խումբ բնակիչներ փորձել են մուտք գործել դենդրոպարկի տարածք և վեճի են բռնվել տեղում ծառայություն իրականացնող պարեկների հետ, քաշքշել, ապա պղպեղային օդամղիչը փչել պարեկի դեմքին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ հունիսի 4-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գյուլագարակի 24-ամյա բնակիչը ոչ սթափ վիճակում «Լադա 2170» ավտոմեքենայով համագյուղացիների հետ փորձել է մուտք գործել դենդրոպարկի տարածք։ Այդտեղ ծառայություն իրականացնող պարեկներն արգելել են ավտոմեքենայով շարունակել ճանապարհը դեպի բուսաբանական այգի:
24-ամյա երիտասարդը և նրա համագյուղացիները ավտոմեքենան կայանել են և պարզաբանումներ կատարելու նպատակով մոտեցել պարեկներին։
Պարեկները, կասկածելով, որ երիտասարդն ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում, նրա սթափության վիճակը ստուգելու նպատակով իրականացրել են անձի նույնացում։ Համագյուղացիները վրդովվել են և բռնություն գործադրել պարեկներից մեկի նկատմամբ:
«Անձանց ոչ իրավաչափ գործողությունները կանխելու նպատակով պարեկներից մեկը պղպեղային օդամղիչ է փչել 34-ամյա տղամարդու ուղղությամբ, որից հետո նշված անձինք քաշքշել են ոստիկանության ծառայողներին, իսկ նրանցից մեկը, պարեկի ձեռքում գտնվող պղպեղային օդամղիչը շրջելով վերջինիս ուղղությամբ, այն փչել է նրա դեմքին»,– տեղեկացնում են ՔԿ–ից։
Քանի որ 24-ամյա երիտասարդը շարունակել է ագրեսիվ պահվածքը՝ պարեկներից մեկը փորձել է ձերբակալել նրան։ 41-ամյա տղամարդը հրել է պարեկին, որի հետևանքով վերջինս ընկել է գետնին, իսկ 24-ամյա երիտասարդը, օգտվելով այդ հանգամանքից, դիմել է փախուստի: Վերջինս ավելի ուշ հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։
Միջադեպի մասնակիցներից երեքի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) 3-րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
Նրանք ձերբակալվել են, ներկայացվել է մեղադրանք:
Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ 2-ի մասով բավարարվել է, մեկի մասով՝ մերժվել։ Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Նախաքննությունը շարունակվում է: