ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարությունում ծառայողական քննություն է նշանակվել Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցում տեղի ունեցած վթարի առնչությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշենք, որ այսօր լրատվամիջոցներում և համացանցում տեսանյութեր և լուսանկարներ են հրապարակվել, որտեղ երևում է, որ Գրիգոր Լուսավորիչ փողոցում վթար է եղել։ Նշվում է, որ «Ֆորդ» մակնիշի մեքենան հարվածել է «Գազել» մակնիշի երթուղայինին և շուռ եկել։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ–ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ավտոմեքենայի շուռ գալուն հանգեցնող դեպքերի շղթան սկսվել է ՆԳ նախարար Վահե Ղազարյանի ավտոշարասյան համար ճանապարհը մասնակի փակելուց։
«Պարզաբանում ենք, որ ՆԳՆ ներքին անվտանգության վարչությունում նշված ճանապարհատրանսպորտային պատահարով արդեն իսկ նշանակված է ծառայողական քննություն: Ծառայողական քննության շրջանակում քննարկման առարկա կդառնա նաև ուղեկցող անձնակազմի գործողությունների կապը տեղի ունեցած վթարի հետ»,– ասված է հաղորդագրությունում:
Նախարարությունից նաև հայտնում են, որ բացի այդ, նախաքննական մարմնում նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեն: