«Ապրելու երկիրը» որոշեց Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրել Մանե Թանդիլյանին

«Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչներ
Կուսակցությունը հավատում է, որ առաջիկա ամիսների աշխատանքի շնորհիվ երևանցու վստահությունը կստանա և կկարողանա փոխել Երևանի դիմագիծը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում որոշվեց Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում քաղաքապետի թեկնածու առաջադրել Մանե Թանդիլյանին։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարեց կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Տիգրան Սահակյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ավագանու ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 17-ին։
Կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ հիմնադրման օրվանից կարևորել են համայնքներում ակտիվ աշխատանքը։ Նա տեղեկացրեց, որ իրենց արդեն հաջողվել է երեք համայնքներում այսպես ասած իշխանափոխություն իրականացնել և ստանձնել տեղի կառավարումը` Նոյեմբերյանում, Ալավերդիում և Տաթև համայնքում համատեղ կառավարում այլ քաղաքական ուժի հետ։
«Կոնկրետ տեղերում իրականացնելով իշխանափոխություններ` մեր հաջորդ կարևոր հանգրվանը Երևանն է, և վստահ ենք, որ Երևանում նույնպես առաջիկա ամիսների ընթացքում հասարակության մեր ակտիվ աշխատանքի շնորհիվ հնարավորություն կունենանք ստանալու երևանցու վստահությունը և էականորեն փոխելու քաղաքի դիմագիծը»,– ասաց Առաքելյանը։
Նա տեղեկացրեց, որ կուսակցության պաշտոնական կայքում`apreluyerkir.am–ում գործարկել են «Ապրելու Երևան» հատված, որտեղ երևանցիները կարող են իրենց առաջարկներն ու խնդիրները ներկայացնել։ Բարձրացված հարցերը կքննարկվեն, ապա կընդգրկվեն կուսակցության ծրագրում։
Մեսրոպ Առաքելյանն ու Մանե Թանդիլյանը
Առաքելյանը հավելեց, որ պատրաստ են համագործակցել բոլոր այն անհատների հետ, որոնք մտահոգված են Երևանի խնդիրներով և պատրաստ են ստանձնել դրանք լուծելու պատասխանատվությունը։
Քաղաքապետի թեկնածու, կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը նշեց, որ իրենք տրամադրված են Երևանում շռնդալից հաղթանակի։
«Առանց ավելորդ համեստության` այդ հնարավորությունները տարբեր ձևաչափերով դիտարկել ենք, և մենք տեսնում ենք, որ այսպիսի առաջադրումով և այն թիմով, որը շուտով ներկայացնելու ենք, «Ապրելու երկիր» կուսակցությունն ունի բոլոր շանսերը հաղթելու Երևանի ընտրություններում»,– ասաց նա։
Թանդիլյանը շեշտեց, որ նախկինին վերադարձ չի լինելու, իսկ ներկաներն իրենց սպառել են բոլոր առումներով։
Ըստ նրա` երևանցու մանդատը ծառայելու է Երևանում և երկրում փոփոխությունների համար։
«Յուրաքանչյուր քաղաքական ուժ, որ մասնակցելու է ընտրություններին, պարտավոր է հայտարարել` արդյոք հետագայում իր մանդատը ծառայելու է ՔՊ–ի հետ համագործակցության կամ միավորման համար, թե ոչ։ Յուրաքանչյուրը պետք է լինի ազնիվ։ Երևանցին հստակ պետք է իմանա, թե ընտրությունների գնալով` ինչ խնդիր է լուծում։ Մեզ ձայն տալով` երևանցին լուծելու է «ուժեղ Երևան, հզոր Հայաստան» խնդիրը, մեզ քվե տալով` լուծելու է Երևանում իշխանափոխության հարցը»,– ասաց Թանդիլյանը։
Մանե Թանդիլյան
Նա վստահեցրեց` իրենց քաղաքական ուժը միակն է, որ կարողանում է և իրականացնում է արդյունավետ իշխանափոխություն, և որիրենց քաղաքական ուժը պատրաստ է համագործակցել նրանց հետ, ովքեր ճանաչում են կուսակցության «կարմիր գծերը», որոնք վերաբերում են Արցախին:
Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մարտի 31-ին հայտարարեց, որ Երևանի ավագանու ընտրություններում առաջադրելու է Տիգրան Ավինյանի թեկնածությունը։ Սեպտեմբերի 23-ին նա Երևանի փոխքաղաքապետ նշանակվեց։
Ընտրություններին կմասնակցեն նաև գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ ազգությամբ ռուս Նատալյա Ռոտենբերգը, որը վերջերս է Հայաստանի քաղաքացիություն ստացել, երգիչ Ռուբեն Հախվերդյանը, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը։
Քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի նաև «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի վարչության անդամ Հայկ Գրիգորյանը։
ԱԺ նախկին պատգամավոր, ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը չի բացառել, որ կառաջադրի իր թեկնածությունը Երևանի քաղաքապետի ընտրություններում։