ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Էկոնոմիկայի նախարարության հրապարակած տվյալներով` 2023թ–ի հունվար–մայիս ամիսների զբոսաշրջային հոսքը դեպի Հայաստան կրկնակի գերազանցել է 2022թ–ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Եթե անցյալ տարվա 5 ամիսներին Հայաստան էր այցելել 464 հազար զբոսաշրջիկ, ապա այս տարի` արդեն 806 հազար։
Միայն մայիս ամսվա ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 70 000–ով ավելի է անցյալ տարվա մայիսի այցելուների թվից։ Ցուցանիշը խոսուն է, հատկապես եթե հաշվի առնենք, որ 2022թ–ի ապրիլ–մայիսին գրանցվել էր դեպի Հայաստան աննախադեպ տուրիստական հոսք` պայմանավորված փետրվարին սկսված ռուս–ուկրաինական կոնֆլիկտով ու դրան հետևած արևմտյան պատժամիջոցներով։
«Վիզիթ Արմենիա» ընկերության հիմնադիր, տուրիզմի փորձագետ Վլադիմիր Գևորգյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս տարվա բարձր ցուցանիշները ևս 2022թ–ին սկսված տենդենցի տրամաբանական շարունակությունն են։
«Հիմանական շեշտը, բնականաբար, ՌԴ–ից եկող մեր հյուրերն են, ովքեր այլընտրանք չունեն, քանի որ, ինչպես գիտեք, սահմանափակումներն ավելի են խստացվել, և Ռուսաստանից արտասահման թռիչքները գրեթե փակ են։ Դրանով պայմանավորված, հիմնական ուղղությունը շարունակում է մնալ Հայաստանը»,– ասաց մեր զրուցակիցը։
Ընդ որում, Գևորգյանի խոսքով, դեռ ապրիլին մասնագիտական վերլուծությունները թույլ են տվել ենթադրելու, որ հատկապես մայիսին ՌԴ–ից տուրիստների մեծ ներհոսք է սպասվում։
«Երբ որ դիտում էինք ապրիլ ամսվա տարբեր վիճակագրական տվյալները, սոցհարցումները, մայիս ամսվա համար Ռուսաստանի զբոսաշրջիկների շրջանում Հայաստանը առաջին տեղում էր։ Եվ արդեն ապրիլից պարզ էր, որ մայիսին ունենալու ենք ՌԴ–ից զբոսաշրջիկների մեծ ներհոսք` մայիսյան տոներին ընդառաջ։ Մայիսյան տոները, գիտեք, որ Ռուսաստանում տևում են 10 օր, և այդ ընթացքում զբոսաշրջիկները հիմնականում դուրս են գալիս երկրից ու փորձում են իրենց հանգիստը կազմակերպել արտասահմանում։ Իսկ քանի որ Ռուսաստանից թռիչքներ չեն իրականացվում իրենց համար պոպուլյար ուղղություններով, որտեղ մեկնում էին մինչև պատերազմը, բնականաբար այս կոնտեքստում մենք ունենք զբոսաշրջիկների քանակի աճ»,– ասաց փորձագետը։
Վլադիմիր Գևորգյանը նկատում է, որ Հայաստանը տուրիստական հնարավորություններով չի կարող համեմատվել ծովափնյա հանգիստ առաջարկող երկրների` Եգիպտոսի, Թուրքիայի հետ։ Մեր երկիր գալիս են մշակութային, էկո և գաստրոտուրիզմ նախընտրողները։ Նրա խոսքով` Հայաստանում վերջին մեկ տարում նաև բազմաթիվ նոր հանգստի ու սննդի օբյեկտներ են բացվել, նոր հյուրանոցներ կառուցվել, ուստի առկա տուրիստական հնարավորություններն առայժմ բավարարում են ներկա թվաքանակին։
Ինչ վերաբերում է ամռանը սպասվող հոսքին, որը, մասնագետների համոզմամբ, ևս պակաս չի լինելու, Վլադիմիր Գևորգյանի համոզմամբ, նման դեպքերում շուկան արձագանքում է պահանջարկ– առաջարկի հայտնի սկզբունքով. նախ բարձրանում են գները, ապա ստեղծվում են նոր առաջարկներ, և մրցակցության ավելացման հաշվին գները դարձյալ կարգավորովում են։
Ինչ վերաբերում է ենթակառուցվածքներին, Վլադիմիր Գևորգյանը չի հերքում, որ դրանք դեռ ցանկալի մակարդակի վրա չեն, ոլորտում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, որոնք տուրիզմի ոլորտի ներկայացուցիչները պարբերաբար ներկայացնում են պատկան կառույցներին։
«Օրինակ` տուրիստական ավտոբուսների կայանատեղիների, հանրային զուգարանների, հանրային վայրերում առևտրի կազմակերպման հետ կապված խնդիրները։ Կան մշակութային վայրեր, որոնց ճանապարհներն ուղղակի անանցանելի են։ Այդ մասին մենք ևս առաջարկ ենք ներկայացրել, որպեսզի տվյալ տեսարժան վայրերի մատչելիությունը վերականգնենք»,– ասաց Գևորգյանը։
Նշենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն, 2023թ–ին Հայաստան ժամանած 806 000 զբոսաշրջիկների կեսից ավելին` 52 տոկոսը, եղել են Ռուսաստանից։