ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի - Sputnik. Սյունիքի մարզի Կապան քաղաքը հռչակվել է 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք: Այս մասին Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ՝ Սոչիում Համագործակցության երկրների կառավարությունների ղեկավարների նիստի արդյունքներով:
Ժապարովը նշել է, որ 2024 թվականին ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքը կլինի Տաշքենդը, իսկ 2025 թվականին՝ Ադրբեջանի Գաբալա քաղաքը։
Բացի այդ, Ղրղզստանի վարչապետի խոսքով, որոշում է կայացվել ամեն տարի ԱՊՀ երկրների մանկական սպարտակիադա անցկացնել հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Դա կընդլայնի նրանց սոցիալական հարմարվողականության հնարավորությունները ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով:
Հիշեցնենք, որ Կապանը 2020-2021թթ.-ին ընտրվել էր Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք: Քաղաքում անցկացվել էին մի շարք մշակութային և հանրային միջոցառումներ: