«Յուրաքանչյուր մարդ արժանի է անվտանգության և արդարության». ԱՄՆ դեսպանը այցելել է Սյունիք

Քրիստինա Քվին
Սահմանամերձ հատվածում Քրիստինա Քվինին պատմել են անվտանգության խնդիրների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի - Sputnik. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Սյունիքի մարզ, եղել է նաև Տեղ գյուղի մերձակա հատվածում։ Այս մասին նա գրել է Twitter-ում։
«Սյունիքի մարզ իմ այցի ընթացքում տեղի պաշտոնյաներից, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից ու բնակիչներից լսեցի անվտանգության հետ կապված համատարած խնդիրների մասին: Նաև անձամբ համոզվեցի, որ սահմանի երկայնքով իրավիճակը լարված է։ Յուրաքանչյուր մարդ արժանի է անվտանգության և արդարության, որը կապահովի երկարատև խաղաղությունը»,-գրել է նա՝ հրապարակումն ուղեկցելով լուսանկարներով։
Հիշեցնենք, որ Տեղ գյուղի ուղղությամբ ապրիլի 11-ին բախումներ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև: Ադրբեջանական զինուժի կրակոցներին ի պատասխան հայկական կողմը կրակ է բացել, կիրառվել են նաև ականանետեր: Հայկական կողմից 4 զինծառայող է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈւ-ի գործողությունների արդյունքում մոտ 50 բնակիչ հասանելիություն չունեն գյուղատնտեսական տարածքներին: