ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին դատապարտել է Արևմուտքի մի շարք երկրների հայտարարությունները «Ֆաթահ» հիպերձայնային հրթիռի շնորհանդեսի վերաբերյալ և ընդգծել, որ իրենց հրթիռային գործունեությունը պաշտպանական բնույթ է կրում և օրինական է միջազգային իրավունքի տեսանկյունից: Տեղեկությունը հայտնում է ԻրանիԱԳՆ-ն։
ԱԳՆ ներկայացուցիչն ավելացրել է, որ արտահայտվող երկրները «երկար փորձ ունեն տարբեր ոլորտներում իրենց միջազգային համաձայնագրերի խախտման, այդ թվում՝ միջուկային փորձարկումների, միջուկային հրթիռների չտարածման և չտեղակայման ոլորտներում և ապակառուցողական դերակատարություն ունեն տարածաշրջանային և միջազգային հարցերում», ուստի «իրավունք չունեն խոսել Իրանի օրինական (զարգացող) պաշտպանական ներուժի մասին»:
Fars գործակալության տվյալներով՝ երեկ ներկայացված «Ֆաթահ» հիպերձայնային հրթիռն ունի 1,4 հազար կիլոմետր հեռահարություն և կարող է անցնել հակահրթիռային պաշտպանության բոլոր համակարգերով ու ոչնչացնել դրանք:
Իրանական ԶԼՄ-ները երեկ հայտնել էին, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի ԶՈւ էլիտար ստորաբաժանումներ) օդատիեզերական ուժերը ներկայացրել են նոր «Ֆաթահ» հիպերձայնային հրթիռը: ԱՄՆ-ն հայտարարել է Իրանում, Չինաստանում և Հոնկոնգում մի շարք անձանց ու կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին՝ մեղադրելով դրանց բալիստիկ հրթիռների մշակման իրանական ծրագրին աջակցելու մեջ։ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն իր կայքում հայտարարություն է հրապարակել, որում հանդիմանել է Իրանին «միջազգային սահմանափակումների շարունակական անտեսման» համար։ Իսկ Ֆրանսիայի ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ այդ հրթիռի մշակումն անվանել է «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձեւի ևս մեկ խախտում»: