ՀՀ մարզական ֆեդերացիաները 358 մլն դրամ կստանան

Շախմատ
Փոխնախարարը կարծում է, որ պետք է ավելացնել մասնակցությունը ուսումնամարզական հավաքներին, միջազգային մրցաշարերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը տրամադրվեց 358 353 000 դրամ։
Նշված գումարը, ինչպես հայտնեց ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, տրամադրվելու է ՀՀ 11 մարզական ֆեդերացիաներին և Երևանի շախմատի ֆեդերացիային 2023 թվականի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին մարզիկների լավագույն մարզավիճակում մասնակցության ապահովման, միջազգային վարկանիշային մրցաշարերի կազմակերպման և անցկացման համար:
«Պետք է ավելացնել մասնակցությունը ուսումնամարզական հավաքներին, միջազգային մրցաշարերին։ Դրանք փորձի հարթակներ են, որոնցով ապահովվում են բարձր արդյունքներ պաշտոնական մրցումներում»,– ասաց Խզմալյանը։
Փոխնախարարը հիշեցրեց, որ 2022թ–ին ֆեդերացիաներին հատկացվել էր լրացուցիչ 200 մլն դրամ, և որպես արդյունք հայ մարզիկները նվաճեցին 307 մեդալ 2021թ–ի 109 մեդալի փոխարեն։ Խզմալյանը նշեց, որ այդ ցուցանիշը ՀՀ մարզական պատմության մեջ ամենաբարձրն է։