ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Ռուս հայտնի հեռուստահաղորդավարուհի Անֆիսա Չեխովան սոցիալական ցանցերում պատմել է Հայաստանում անցկացրած իր հանգստի մասին։ Նշենք, որ հաղորդավարուհին Հայաստան էր ժամանել նախորդ շաբաթ` մայրիկի հետ։
Հայաստան գալուց առաջ նա գրել էր, որ որոշել է բոլոր զգայարաններով համոզվել, որ Հայաստանը հանգստի և զբոսաշրջության համար շքեղ վայր է։ Հեռուստահաղորդավարուհին խոստացել էր բացահայտել Հայաստանը որպես մարգարիտ,և դա նրան հաջողվել է։
Չեխովան նախ այցելել է կոնյակի գործարան, որտեղ համոզվել է, որ տարիները կարող են արժեք դառնալ, եթե դրանք ճիշտ օգտագործվեն: Նա զուգահեռներ Է անցկացրել մարդկանց և կոնյակի միջև և եկելայն եզրահանգման, որ տարիների ընթացքում կոնյակն ու մարդիկ ավելի լավն են դառնում։
Բացի այդ,ռուս հաղորդավարուհին այցելել է Գառնու հեթանոսական տաճար, որտեղ նրան պատմել են հայոց թագավոր Աշոտ Երկաթի և նրա հավատարիմ կնոջ՝ Սիրանուշի մասին։
«Ինձ հետաքրքրում են մարդիկ ու իրենց պատմությունները` սիրո, թշնամանքի, խորամանկության, հաշվարկի, հավատարմության ու ընկերության մասին: Ուզում եմ ավելին իմանալ նրանց ապրելակերպի, ավանդույթների և հարաբերությունների մասին: Գիդերին տարօրինակ հարցեր եմ տալիս` ով ում հետ է ապրել, ով ում է դավաճանել, ինչով են հետաքրքվել, որտեղ են քնել, ինչ են հագել։ Մարդկային ճակատագրերի պատմությունները հիացնում են ինձ»,- գրել է Չեխովան։
Բայց ամենաշատը Հայաստանում այցելած բոլոր վանքերից նրան դուր է եկել Սևանավանքը։ Նրան Սևանում տպավորել են խաղաղությունն ու չնաշխարհիկ տեսարանը։
«Հայաստանը հավերժ իմ սրտում է»,- շեշտել է նա։
Նշենք, որ Չեխովան Հայաստան է ժամանել զբոսաշրջության կոմիտեի հրավերով։ Սոցցանցում նա ունի 1,7 միլիոն հետևորդ, որոնց նա պարբերաբար պատմում է իր ճանապարհորդությունների մասին և խորհուրդներ տալիս, թե որտեղ կարելի է այցելել։