Հայաստանում, երկար տարիներ անց,կիրականացնեն հազվագյուտ մետաղների պաշարների համակարգային գնահատում։ Պետության կողմից ֆինանսավորվող ծրագիրն իրականացնում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտը:
Ինչո՞վ է հեռանկարային Հայաստանը
Պղինձը, մոլիբդենն ու ոսկին, ավելի փոքր քանակությամբ՝ ցինկն ու կապարը, Հայաստանում վաղուց են արդյունահանվում։ Փոքր քանակությամբ դրանց միշտ ուղեկցում են հազվագյուտ և արժեքավոր մետաղները, որոնք, սակայն, չեն արդյունահանվում:
Հայկական տարածքի առանձնահատկությունն այն է, որ այստեղ կան տարբեր տեսակի հանքավայրեր, որոնք տարբեր հազվագյուտ մետաղների ներուժ ունեն։ Կան պորֆիրային տիպի հանքավայրեր (Ագարակի և Քաջարանի պղնձամոլիբդենային, Դաստակերտի մոլիբդենային հանքերը), այնտեղ այդ մետաղներին ուղեկցում է ռենիումը։ Կան էպիթերմալ հանքավայրեր (Շահումյանի ոսկի-բազմամետաղային, Սոթքի և Մեղրաձորի ոսկու հանքավայրեր), որտեղ ուղեկցող մետաղներ են սելենը, տելուրը, բիսմութը և գերմանիումը։ Բացի այդ, մի շարք գրանիտային զանգվածներում, ինչպես նաև աղի հանքավայրերում, կուսումնասիրվի լիթիումի պարունակությունը։
Այս և այլ մետաղները ռազմավարական նշանակություն են ձեռք բերել վերջին 20-25 տարիներին։ Արևային կայաններում օգտագործվում է սելեն, կադմիում և տելուր, իսկ լիթիումն ավելի ու ավելի մեծ տարածում է ստանում որպես մարտկոցների կարևոր բաղադրիչ, այդ թվում՝ էլեկտրական մեքենաներում: Այս և այլ հազվագյուտ մետաղների մասին բերենք մի խոսուն համեմատություն. եթե առաջին սերնդի՝ անալոգային բջջային հեռախոսներում օգտագործվել է մոտ 30 քիմիական տարր, ապա ներկայիս սմարթֆոններում՝ ավելի քան 70։ Պարզ է, որ հարցը սմարթֆոններով չի ավարտվում. հազվագյուտ մետաղներն անհրաժեշտ են և՛ պաշտպանական արդյունաբերության, և՛ բժշկության, և՛ շատ այլ ոլորտներում։ Դրանք մեծապես որոշելու են տեխնոլոգիական մրցակցությունը առաջիկա տասնամյակների ընթացքում:
«Հայաստանում քիչ չեն հազվագյուտ մետաղների հեռանկարային գոտիները, ընդ որում՝ ոչ միայն գործող հանքերում, այլև, օրինակ, Երևանից ոչ հեռու գտնվող Աբովյանի ապագիտո-մագնետիտների հանքավայրում», - Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Ժնևի համալսարանի Երկրի մասին գիտությունների դեպարտամենտի պրոֆեսոր Ռոբերտ Մորիցը, որը 2008 թվականից համագործակցում է ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի հետ և ներկայիս ծրագրին մասնակցում է որպես արտասահմանյան գործընկեր։
Ժնևի համալսարանի Երկրի մասին գիտությունների դեպարտամենտի պրոֆեսոր Ռոբերտ Մորից
© Sputnik / Aram Gareginyan
Հանքերի պոչամբարներ, աղ և լիթիում
Հազվագյուտ մետաղները Հայաստնում գրանցվել են նաև խորհրդային երկրաբանահետախուզության ժամանակ։ Այդ տվյալները 2000-ականների կեսերին ամփոփել է երկրաբանական գիտությունների դոկտոր, հանգուցյալ Հրաչյա Ավագյանը։
Նախագծի ղեկավար, երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող, երկրաբանական գիտությունների թեկնածու Սամվել Հովակիմյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ անհրաժեշտ է թարմացնել այդ տվյալները ճշգրտության ժամանակակից չափանիշներին համապատասխան։
Նախագծի ղեկավար, երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող, երկրաբանական գիտությունների թեկնածու Սամվել Հովակիմյան
© Sputnik / Aram Gareginyan
«Մենք ուզում ենք ուսումնասիրել նաև վերը թվարկված հանքավայրերի պոչամբարները. քանի որ այնտեղ ի սկզբանե հազվագյուտ մետաղներ կան, ապա դրանց մի մասն անխուսափելիորեն հայտնվում է պոչամբարներում։ Դժվարությունն այն է, որ տարբեր մետաղներ նստում են պոչերի տարբեր խորություններում. ծանր մետաղներն ավելի խոր, թեթևները՝ ավելի բարձր։ Այդ պատճառով պետք է ավելի շատ նմուշներ վերցնել տարբեր մակարդակներից», - ավելացրեց Հովակիմյանը։
Լիթիումի որոնումներ կիրականացվեն նաև Ավանի աղի հանքում, քանի որ աշխարհում արդեն կան օրինակներ, երբ լիթիումը «համեմում է» աղի հանքավայրերը:
Հազվագյուտ հանք` Երևանի մոտակայքում
Աբովյանի ապատիտո-մագնետիտային հանքավայրը՝ երկաթի պարունակությամբ և ուղեկցող հազվագյուտ մետաղներով, հատուկ կուսումնասիրվի։ Գիտական խմբում այդ խնդիրը կստանձնի Երկրաբանության ինստիտուտի գիտաշխատող Նիկոլայ Նեկրիլովը: Նա վերջերս է Հայաստան ժամանել, իսկ մինչ այդ աշխատել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հեռավորարևելյան բաժանմունքի Հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտում։
Երկրաբանության ինստիտուտի գիտաշխատող Նիկոլայ Նեկրիլով
© Sputnik / Aram Gareginyan
Նման հանքավայրերն աշխարհում այնքան էլ շատ չեն ու հանդես են գալիս առանձնացված, ոչ թե խմբերով (ի տարբերություն, օրինակ, Հայաստանի հարավում գտնվող պղնձամոլիբդենային հանքավայրերի)։ Սակայն հնարավոր է, այս տեսակի ևս մեկ հանքավայր կարելի է գտնել Հայաստանի հարավում։
Ինչպես արդյունահանել այդ ամբողջ հարստությունը
Հետազոտություններից հետո անհրաժեշտ կլինի ուսումնասիրել, թե որ դեպքերում մետաղների արդյունահանումը տնտեսապես նպատակահարմար կլինի, թեև այդ չափանիշները ժամանակի ընթացքում փոխվում են, և շատ ավելի արագ, քան կարծում ենք:
«Սա հազվագյուտ տեսակի հանքավայր է, աշխարհում մինչ օրս չկա միասնական կարծիք այն մասին, թե ինչպես է դրանցում հանքաքար առաջանում. հնարավոր է՝ միայն տաք խրաբխայն մագմայից, հնարավոր է՝ նաև տաք հեղուկ լուծույթներից, որոնք երկրի խորքից հանքաքար են բերում», – ասում է Նեկրիլովը:
Եթե զուգահեռներ տանենք նույն արևային էներգիայի հետ, ապա ընդամենը 10 տարի առաջ դրա կիլովատ ժամը, ըստ փորձագիտական գնահատականների, Հայաստանում պետք է 80-90 ցենտ արժենար, իսկ այժմ 15-20 անգամ ավելի քիչ արժե։ Այդ պատճառով ևս 10 տարի անց Քաջարանի հանքավայրի պոչերում եղած սելենի թվացյալ չնչին պաշարները (տոննայում 10-20 գրամ) կարող են շահավետ դառնալ։ Ուստի կարևոր է, որ Հայաստանում սկսեն ուսումնասիրվել նաև նման մետաղների կորզման նոր տեխնոլոգիաները։
«Մեր գործընկերների հետ համագործակցում ենք Պոլիտեխնիկական համալսարանում, Լեռնամետալուրգիական ինստիտուտում, ինչպես նաև «Հայկենսատեխնոլոգիա» կենտրոնում։ Այնտեղ կա հեռանկարային գիտական խումբ, որն ուսումնասիրում է մետաղների կորզումը մանրէների միջոցով։ Մենք մեր գործընկերներին կտեղեկացնենք աշխատանքների ընթացքի մասին և ուրախ կլինենք, եթե հետագայում նրանք սկսեն ուսումնասիրել այդ մետաղների արդյունահանման տեխնոլոգիաները»,-նշեց Երկրաբանության ինստիտուտի տնօրեն, երկրաբանական գիտությունների դոկտոր Խաչատուր Մելիքսեթյանը։
Ծրագիրը նախատեսված է 5 տարվա համար, իսկ հետազոտությունների արդյունքները նախատեսվում է հրապարակել ոլորտի առաջատար գիտական պարբերականներում (Journal of geochemical Exploration, Mineralium Deposita և այլն):