Հայաստանցի 4 մարզիկ Բեռլինում կմասնակցի հատուկ օլիմպիական խաղերին

Քննարկվել են սպորտում ներառականության առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Հայաստանցի 4 մարզիկ հունիսի 17-25-ը Գերմանիայի մայրաքաղաքում կմասնակցի «Բեռլինի հատուկ օլիմպիադաների ամառային օլիմպիական խաղեր»-ին: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է մասնակից մարզիկներին, մարզիչներին և «Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ տնօրեն Արտակ Ստեփանյանին։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են սպորտում ներառականության սկզբունքների կիրառման առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հայաստանցի 4 մարզիկ Բեռլինում կմասնակցի հատուկ օլիմպիական խաղերին
ՀՀ նախագահն ընդգծել է իր պատրաստակամությունը հնարավորինս աջակցել «Հայկական հատուկ օլիմպիադաներ» կազմակերպության կարևոր գործունեությանը:
Նշենք, որ այս կազմակերպությունը «Special Olympics» մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաների և մեծահասակների համար աշխարհի ամենամեծ սպորտային կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչն է:
Հայաստանցի 4 մարզիկ Բեռլինում կմասնակցի հատուկ օլիմպիական խաղերին
Կազմակերպության առաքելությունն է մտավոր կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար օլիմպիական մարզաձևերում շուրջտարյա մարզումների և մրցումների անցկացումը։ Կարևորվում է նաև հասարակության մեջ նրանց ինտեգրումը։
2019թ-ին Դուբայում անցկացված ամառային օլիմպիական խաղերին «Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ-ի երկու մարզիկներ արժանացել են ոսկե մեդալի՝ լող և աթլետիկա մարզաձևերում: