ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր է նշանակվել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Որոշումն ընդունվել է ՌԴ Կազան քաղաքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակության և ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի հետ հանդիպմանը։
«Հանդիպման ընթացքում նախարարներն անդրադարձել են Երևանում Հայ-ռուսական համալսարանի գործունեությանը և համատեղ նախաձեռնությունների իրականացմանը՝ կարևորելով համալսարանի կայուն զարգացումը։ Նախարարները ստորագրել են Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի պաշտոնում նշանակելու համատեղ հրաման։ Ռեկտորի պաշտոնում նշանակվել է համալսարանի ընդհանուր ժողովում ընտրված թեկնածուն՝ Էդվարդ Սանդոյանը»,– նշված է նախարարության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Հայ-ռուսական համալսարանի հայաստանյան համահիմնադիրը՝ ի դեմս ՀՀ ԿԳՄՍ նախարարի, համապատասխան գրություններով դիմել էր ռուսաստանյան համահիմնադրին և համալսարանի գործող ռեկտոր Արմեն Դարբինյանին՝ հայտնելով նաև ընտրության համար նախընտրելի թեկնածուների անունները` տ.գ.դ., պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը և փ.գ.դ., պրոֆեսոր Պարգև Ավետիսյանը:
Իսկ համալսարանի երկարամյա ռեկտոր, կոլեկտիվի միասնական թեկնածու, ՀՀ նախկին վարչապետ, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը նախօրոք որոշել էր չառաջադրել իր թեկնածությունը:
Նշենք, որ Էդվարդ Սանդոյանը ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար է եղել 1998–ի ապրիլից մինչև 1999–ի հունիսը։