Գրիգորյանը ՀԱՊԿ գործընկերներին կոչ է արել հստակ գնահատական տալ ԼՂ–ում ստեղծված իրավիճակին

Արմեն Գրիգորյան
ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ Ադրբեջանի ագրեսիան չճանաչելը սահմանազատման գործընթացի հետ կապելը հիմնովին չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ գործընկերներին կոչ է արել հստակ և հասցեական գնահատական տալ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին և արդյունավետ քայլեր ձեռնարկել, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ապրող 120 հազար հայերը չենթարկվեն էթնիկ զտումների։ Ինչպես հայտնում է ԱԽ գրասենյակը, նա ԼՂ–ի մասին խոսել է Բելառուսում` ելույթ ունենալով ՀԱՊԿ անդամ երկրների ԱԽ քարտուղարների հերթական նիստում։
Գրիգորյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է ուժ կամ ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունը և փորձ է կատարում ձախողել նախկինում ձեռք բերված համաձայնությունների կատարումը: Այս ամենով հանդերձ՝ Ադրբեջանը շարունակում է սրել իրավիճակը ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանին, այլև Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում։
«ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական ագրեսիայի չճանաչման փաստը և այն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի չիրականացման հետ կապելու փորձը հիմնավոր չէ»,– ընդգծել է ԱԽ քարտուղարը:
Նա նշել է, որ ՀՀ–ի համար առաջնահերթություն է մնում Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմի ստեղծումը։
Հիշեցնենք` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:
Հայաստանը ՀԱՊԿ-ի վրա չափավոր ճնշում գործադրելու ռազմավարություն է ընտրել․ քաղտեխնոլոգ