ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ–ն ներկայացնող Լևոն Արոնյանը երկընտրանքի առաջ է կանգնել` մեկնել Բաքու, թե ոչ։ Twitter–ի իր միկրոբլոգում նա խոստովանել է, որ որպես շախմատիստ ցանկանում է մասնակցել աշխարհի առաջնությանը, բայց որպես հայ մտահոգություններ ունի իր անձնական անվտանգության հարցում։
«Երկընտրանքի մեջ եմ. որպես մարդ, որը շատ է սիրում աշխարհի առաջնությունը,կցանկանայի մասնակցել 2023 թվականի աշխարհի առաջնությանը, բայց որպես հայ ինձ ապահով չեմ զգա Բաքու, Ադրբեջան մեկնելիս»,– գրել է շախմատիստը։
Նա հավելել է` քանի որ ՖԻԴԵ-ն առաջ է մղում հիբրիդային ձևաչափը, ինքը պատրաստ է խաղալ ցանկացած հնարավոր վայրից։
Հիբրիդային ձևաչափը ենթադրում է, որ շախմատիստը կարող է խաղալ առցանց, բայց այդ ընթացքում գտնվելով հանրային վայրում։
Հիշեցնենք` 2021 թվականի փետրվարի 24-ին Լևոն Արոնյանը հայտարարեց, որ որոշել է հեռանալ Հայաստանի հավաքականից և հանդես գալ ԱՄՆ–ի դրոշի ներքո։ Նույն տարվա սեպտեմբերի 6-ին Արոնյանն Անիտա Այվազյանի հետ տեղափոխվեց ԱՄՆ։ Հոկտեմբերի 21-ին լույս աշխարհ եկավ նրանց դուստրը։