ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը համոզված է, որ շատ թափանցիկ է աշխատել և Covid–ի քրեական գործով որևէ նոր ասելիք չունի։ Նա այդ մասին հայտարարեց ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ։
«Հարցաքննությունը հարցազրույց չէ, որ որոշեմ տամ, թե ոչ։ Ինձ դեռ չեն հրավիրել հարցաքննության։ Երբ կարիքը կառաջանա, հրավիրեն, ես կներկայանամ ու կտամ բացատրություններ։ Ես հանրային կերպով շատ թափանցիկ եմ եղել, պատասխանել եմ բազմաթիվ հարցերի, ինչ ասելիք ունեմ, հանրային կերպով եմ ասում»,– վստահեցրեց նախարարը։
Ինչ վերաբերում է ՀՀ առողջապահության նախկին նախարար, այժմ ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանի հետ փոխհարաբերություններին և նրա կողմից պարբերաբար հնչող քննադատությանը, ապա Ավանեսյանը վստահեցրեց, որ բոլոր տեսակի քննադատություններին լավ է վերաբերվում, իսկ Արսեն Թորոսյանի հետ ունի գործընկերային հարաբերություններ։
Հիշեցնենք` Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ կապված 2020-2021 թվականներին Covid-19 համաճարակի դեմ պայքարի ընթացքում կատարված չարաշահումների հետ։ Գործի շրջանակում կալանավորվել էին առողջապահության նախկին փոխնախարար, այժմ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը (որը հետագայում ազատ արձակվեց) ինչպես նաև «Մեդլայն Կլինիկ» ԲԿ–ի տնօրեն Բաբկեն Շահումյանը։
Գործով ներգրավված են առողջապահության ոլորտի ևս 9 ներկայացուցիչներ։ Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ քրեական գործ կարող է հարուցվել նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի դեմ։