ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ԱՊՀ երկրների հրամանատարների խորհրդի համակարգող ծառայության նախագահ, գեներալ–գնդապետ Ալեքսանդր Մանիլովը կարևոր է համարում հայ–ադրբեջանական բանակցություններին աջակցելը։ Մանիլովն այդ մասին խոսել է Բաքվում ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նիստից հետո։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին պետք է աջակցել»,– նշել է նա։
Մանիլովը ողջունել է այդ նիստին Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությունը։ Նա հույս է հայտնել, որ հաջորդ նիստին, որն անցկացվելու է Հայաստանում, ներկա կլինի նաև ադրբեջանական պատվիրակությունը։
Նա տեղեկացրել է, որ նիստի ընթացքում ստորագրվել է 19 փաստաթուղթ, որոնք կարգավորում են ԱՊՀ սահմանապահ ծառայությունների խորհրդի հետագա գործունեությունն ու աշխատանքը։ Փաստաթղթում հիմնականում արտացոլված է ԱՊՀ երկրների արտաքին սահմաններին տիրող իրավիճակը։
Նշենք, որ Բաքվում այսօր ընթանում է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 86-րդ նիստը։ Նիստին մասնակցում են նաև Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ադրբեջանի սահմանապահ զորքերի ներկայացուցիչները։