ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Նպատակ կա ԵԱՏՄ տարածքում բեռնափոխադրումներն առաջիկա տարիներին իրականացնել գնացքներով։ Այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։
«Սկզբում երկաթուղային բեռնափոխադրումները կիրականացվեն միության տարածքով, ապա նաև դեպի երրորդ երկրներ։ Առաջին հերթին խոսքը վերաբերում է Չինաստանի հետ բեռնափոխադրումներին։ Այս տարվա փետրվարին ստորագրված ճանապարհային քարտեզով ամրագրվել է Չինաստանի ու ԵԱՏՄ երկրների համագործակցությունը»,– ընդգծեց նա։
Ըստ նրա` Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ողջ երկայնքով պետք է հնարավորինս պարզեցնել ապրանքների տեղաշարժը։ ՌԴ վարչապետը նաև համոզված է, որ ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում անհրաժեշտ է վերակողմնորոշվել դեպի առևտրային հոսքերի հեռանկարային ուղղություններ, ստեղծել միջազգային նոր տրանսպորտային միջանցքներ։ Դրանցից մեկը, ըստ նրա, դեպի Պարսից ծոց, Հնդկական օվկիանոս և Աֆրիկայի երկրներ մուտքերն են։
«Այս միջանցքով երթևեկելիս ծախսերը նվազեցնելու համար անհրաժեշտ է թվայնացնել ապրանքների փոխադրման և բեռների մաքսային ձևակերպումների նկատմամբ վերահսկողությունը»–, ասել է Միշուստինը:
Նա հիշեցրեց, որ ապրիլին ուժի մեջ է մտել բեռնափոխադրումների բեռնարկղերում էլեկտրոնային նավիգացիոն կնիքների օգտագործման մասին համաձայնագիրը։
Նշենք, որ Սոչիում հունիսի 7-8-ը տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են կլիմայական օրակարգի շրջանակներում ԵԱՏՄ պետությունների համագործակցության միջոցառումների առաջին փաթեթի իրականացումը, ինտեգրացված տեղեկատվական համակարգի և միության թվային օրակարգի հետագա զարգացումը։