Բրիտանիան 3 մլն ֆունտ է հատկացրել Թուրքիայի սահմանապահներին միգրացիան զսպելու համար․ ԶԼՄ

Հրապարակման մեջ նշվում է, որ Թուրքիան դարձել է Մեծ Բրիտանիայի կառավարության համար ավելի մեծ նշանակություն ձեռք բերող երկիր և այժմ ռազմավարական կարևորություն է ներկայացնում սահմանների պաշտպանության համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը վերջին մեկ տարվա ընթացքում թուրք սահմանապահներին վերապատրաստելու համար ավելի քան 3 մլն ֆունտ (3,731 մլն ԱՄՆ դոլար) է հատկացրել՝ միգրանտների հոսքը զսպելու նպատակով։ Տեղեկությունը հայտնում է Guardian թերթը:
Ֆինանսավորումը հատկացվել է պաշտոնական զարգացման աջակցության բյուջեից և փոխանցվել ներքին գործերի նախարարության միջազգային գործողությունների գրասենյակի միջոցով, որը նախարարության հետախուզության վարչության մի մասն է:
Պարբերականը տեղեկություններ է ներկայացնում 2019 թվականի ֆինանսավորման մասին, երբ թուրքական ոստիկանությանը և առափնյա պահպանությանը 14 հազար ֆունտ էր հատկացվել ծովային սահմանների պաշտպանության ուսուցման համար։ 2021-2022 թվականներին վերապատրաստման և սարքավորումների համար 425 հազար ֆունտով ավել գումար է տրվել, իսկ այս տարի՝ մինչև երեք միլիոն ֆունտ վերադարձի և վերաինտեգրման աջակցության, վերապատրաստման և անձնակազմի համար:
Հրապարակման համաձայն՝ Թուրքիան վերջին երկու-երեք տարում Մեծ Բրիտանիայի կառավարության համար ավելի մեծ նշանակություն է ձեռք բերել և այժմ ռազմավարական նշանակություն է ստացել սահմանների պաշտպանությունը։
Անօրինական միգրանտները հաճախ ցանկացած հնարավորություն օգտագործում են Լա Մանշը հատելու և Մեծ Բրիտանիայում հայտնվելու համար։ Այնտեղ նրանց գրավում է սոցիալական ծրագիրը, փախստականի կարգավիճակ և ֆինանսական նպաստ ստանալու հնարավորությունը: 2022 թվականին Բրիտանիա ժամանած միգրանտների ընդհանուր թիվը գերազանցել է 44 հազարը։