Արցախի շփման գծի հյուսիսային ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն կիրառել է հրաձգային զենք

Առաջնագիծ Արցախում. Արխիվային լուսանկար
Բացի այդ ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Հունիսի 8-ին, ժամը 02:25-02։35-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Արցախի շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։
Նշվում է, որ հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հունիսի 8-ի ժամը 10։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
Միևնույն ժամանակ Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները։
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 8-ի առավոտյան կրակ են բացել Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղությամբ, ինչպես նաև Ասկերանի շրջանում փորձել են իրականացնել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբրև թե խափանվել են ադրբեջանական բանակի ձեռնարկած միջոցառումների արդյունքում, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։
Նշենք, որ երեկ ևս Ադրբեջանի ՊՆ-ն հերթական սուտ տեղեկություններն էր տարածել` իբր Արցախից կրակել են իրենց ուղղությամբ, և, իբր, ամրաշինական աշխատանքներ են կատարվում մի քանի ուղղություններով։
Իսկ արդեն այսօր Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: