ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Վարդան Բիչախչյանը կդադարի մարզել «Արարատ–Արմենիա» ֆուտբոլային ակումբը։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
««Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի և Վարդան Բիչախչյանի ու իր մարզչական շտաբի միջև կնքված պայմանագրի ժամկետը լրացել է, և կողմերը որոշել են չշարունակել համագործակցությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Վարդան Բիչախչյանը թիմը գլխավորում էր 2022 թվականի հունիսից: «Արարատ-Արմենիան» Բիչախչյանի գլխավորությամբ տարբեր մրցաշարերում անցկացրել է 40 խաղ, տոնել 24 հաղթանակ, գրանցել 9 ոչ-ոքի և կրել 7 պարտություն:
Ակումբը շնորհակալություն է հայտնել Բիչախչյանին և իր մարզչական շտաբին` համատեղ աշխատանքի, գեղեցիկ ֆուտբոլի և բազմաթիվ լավ հիշողությունների համար և մաղթել նրան հաջողություն։