ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Թալինի Արագածավան գյուղի Ջրօգտագործողների ընկերության (ՋՕԸ) վերահսկողության պետ, ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը, որը հունիսի 7–ին ծեծի էր ենթարկել գյուղի 24-ամյա բնակչին, ձերբակլվել է։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայության պետ Գոռ Աբրահամյանը։
Երեկ լրատվամիջոցներով տեղեկություն տարածվեց, որ Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՋՕԸ վերահսկողության պետ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը ծեծի է ենթարկել նույն գյուղի բնակիչ Արմեն Սահակյանին (նա տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ)։ Միջադեպն առաջացրել էր Արագածավանի բնակիչների զայրույթը, վերջիններս փակել էին Գյումրի-Երևան ավտոճանապարհը։
«Հունիսի 7-ին ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19.00-ի սահմաններում, Արագածավան բնակավայրում գտնվող ավտոմեքենաների լվացման կետի մոտ ծագած վիճաբանության ընթացքում բնակավայրի բնակիչ Ս․ Թ․-ն գազաբալոնով գազ է փչել նույն բնակավայրի բնակիչ 24-ամյա Ա․Ս․-ի դեմքին, փայտով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Վերջինս ստացել է ամբուլատոր բուժօգնություն»,– հայտնում է Գոռ Աբրահամյանը։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով (հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը հատկանիշներով)։ Թալինի ՋՕԸ պետը ձերբակալվել է։ Ա․ Ս․-ն ճանաչվել է տուժող։
Քրեական վարույթով կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Նախաքննությունը շարունակվում է: Դեպքի լիարժեք հանգամանքները պարզվում են։