ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Իրավապահները Երևանի Լոմոնոսովի և Դավիթ Անհաղթի փողոցների 2 հասցեում ապօրինի զենք–զինամթերք են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Էրեբունու բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ են ստացել, որ 32-ամյա մի երիտասարդ Լոմոնոսովի փողոցի իր տանը ապօրինի զենք և զինամթերք է պահում: Հունիսի 6-ին նա ձերբակալվել և տեղափոխվել է Էրեբունու բաժին: Բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդի մայրը ոստիկաններին է ներկայացրել մեկ ինքնաձիգ, մեկ ողորկափող հրացան, 7,62 մմ տրամաչափի 17 փամփուշտ և ինքնաձիգի պահեստատուփ:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողներն էլ նույն օրը Դավիթ Անհաղթի փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 20-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ՝ լիցքավորված 3 փամփուշտով, և 21 սմ երկարությամբ ծալովի դանակ՝ 10 սմ շեղբի երկարությամբ:
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: