ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Սոչիում մեկնարկել է Անկախ պետությունների համագործակցության և Եվրասիական տնտեսական միության երկրների երկրորդ երիտասարդական համաժողովը, որին 150 երիտասարդ է մասնակցում։
Կազմակերպիչների խոսքով` միջոցառումն ուղղված է պետությունների միջև տնտեսական համագործակցության զարգացմանը, մասնավորապես ուշադրություն է դարձվում երիտասարդ գործարարներին, որոնք բիզնես գործընկերներ են փնտրում։ Հիմնական թեմաները, որոնք քննարկում են համաժողովի փորձագետներն ու մասնակիցները, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, էլեկտրոնային առևտուրն ու տեխնոլոգիաներն են։
«Ռուսաստանից բացի, համաժողովին մասնակցում են 150 երիտասարդ 9 երկրից, այդ թվում` Հայաստանից, Ղրղզստանից, Ադրբեջանից, Ղազախստանից, Բելառուսից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Թուրքմենստանից, ինչպես նաև Կուբայից` որպես ԵԱՏՄ դիտորդ պետություն։ Հարթակը միավորել է ԱՊՀ ու ԵԱՏՄ երկրների երիտասարդ գործարարների, պետական ծառայողների, ուսանողների և բուհային համայնքի ներկայացուցիչների, որպեսզի համատեղ նախաձեռնություններ մշակեն երիտասարդական գործարարությունը և արտաքին տնտեսական գործունեությունը զարգացնելու համար», – լրագրողների հետ զրույցում ասել է երիտասարդների գործերով դաշնային գործակալության ղեկավար Քսենյա Ռազուվաևան։
ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների երիտասարդական ֆորումը կազմակերպել է երիտասարդների գործերով դաշնային գործակալությունը (Ռոսմոլոդյոժ)։ Նպատակը երիտասարդ գործարարների և նրանց պոտենցիալ գործընկերների միջև փոխշահավետ գործընկերության համար հարթակ ստեղծելն է։