Անխնա օգտագործելով Սևանի ջրային ռեսուրսները` մենք խախտել ենք լճի կենսաբազմազանական հավասարակշռությունը՝ նպաստելով նրա ծաղկմանը։ Մենք միայն պարտք ենք վերցրել Սևանից, հիմա եկել է պարտքը վերադարձնելու ժամանակը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ջրաբան, բնապահպան Քնարիկ Հովհաննիսյանը` խոսելով Սևանի ջրավազանի կանաչման խնդրի և ջրառի հետ կապված հետևանքների մասին։
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը երեկ ԱԺ–ում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվության ժամանակ հայտարարել է, որ Սևանն այս տարի էլ կկանաչի, կունենանք դժվարություններ։ Ըստ նրա` այս պահին մեր ջրային ռեսուրսների վիճակը լավ չէ, և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն այս տարի ևս թույլտվություն կտա Սևանից ջուր բաց թողնել ոռոգման համար։
Ավելի վաղ ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ԱԺ–ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասել էր, որ բավականին բարդ ու ծանր իրավիճակ է ստեղծվել ոռոգման համակարգում։ Այն խոշոր ջրամբարները, որոնք սնուցում են համակարգը, ջրի պակաս ունեն, և այդ պակասն արդեն 250 մլն մետր խորանարդի է հասնում։
«Բոլորին էլ հայտնի է, որ Սևանա լիճն այս տարի նույնպես ծաղկելու է, որովհետև ո՛չ նրա մակարդակն է բարձրացել, ո՛չ էլ լիճ թափվող 28 գետերն են հավուր պատշաճի մաքրվում` նախկինի պես նպաստելով լճի աղտոտվածությանը։ Առկա են նաև մակերևույթային հոսքեր, որոնք տեղումներից ու ձնհալից հետո գետերի միջոցով բերում են թունաքիմիկատներ, պարարտանյութեր, կենցաղային ավելցուկներ, և այդ ամենը նույնպես լցվում է լճի մեջ»,– ասաց Հովհաննիսյանը։
Ըստ նրա` տակավին չլուծված է մնում կոյուղու ջրերի խնդիրը։ Սևանի հարևանությամբ գործում է ընդամենը երեք մաքրման կայան, որոնք մեխանիկական աշխատանք են կատարում, այսինքն` մաքրում են միայն խոշոր աղբը։
«Սևանի շուրջ կա ավելի քան 400 օբյեկտ։ Դրանք անմիջապես ափին գործելով` լիճ են լցնում իրենց աղբաջրերն ու թափոնները։ 400 օբյեկտից միայն 14-ն ունի մաքրման կայան, թեև օրենքով բոլորը պարտավորվել են նման կայան գործարկել։ Չի կարելի բացառել նաև երկրորդական աղտոտումը, երբ լճի հատակին առկա նստվածքները հետզհետե բարձրանում են վեր, մանավանդ շոգ եղանակին։ Իրավիճակը շտկելու ուղղությամբ շրջակա միջավայրի նախարարության և պատկան մարմինների գործադրած ջանքերը բավարար չեն»,– ասաց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով Սևանա լճից հերթական ջրառ իրականացնելու խնդրին` մասնագետն ընդգծեց, որ մեզ մոտ սակավաջրության տարիների համար նախատեսված ջրօգտագործման արդյունավետ ընթացակարգեր չկան, եղածն էլ բավականին թերի է։
«Հակառակի պես այս տարի մեր ջրամբարների լցվածությունը նույնիսկ հիսուն տոկոսի չի հասնում։ Օրենսդրորեն վեգետացիոն շրջանում Սևանից թույլատրվում է տարեկան 170 միլիոն խ/մ չափով ջրառ իրականացնել։ Արդեն հունիսի սկիզբն է, բայց ջուր դեռ բաց թողնված չէ։ Եթե կառավարությունն ավելի մեծ ծավալի ջրառ իրականացնելու օրենսդրական թույլտվություն ստանա ԱԺ–ից, ապա դա կհանգեցնի շատ վատ հետևանքների»,– ասաց մեր զրուցակիցը։
Հովհաննիսյանի կարծիքով` Սևանի մակարդակն առանց այդ էլ նախորդ տարվա համեմատ իջել է, և եթե հիմա արհեստականորեն որոշ չափով ևս իջեցվի, անխուսափելիորեն կմեծանա ջրավազանի ծաղկման աստիճանը։ Վաղուց է հասունացել 28 գետերով Սևան լցվող ջրի քիմիա–կենսաբանական մաքրման հարցը։
«Մենք անընդհատ սպառում ենք Սևանի պաշարները։ Այս կերպ լիճն անխուսափելիորեն կվերածվի ճահճի։ Միայն պարտք ենք վերցնում Սևանից, մինչդեռ եկել է պարտքը վերադարձնելու պահը։ Ժամանակին, երբ չկար այս աստիճանի աղտոտվածություն և ծաղկում, Սևանը համարվում էր օլիգոտրոֆ ջրամբար, այսինքն` շատ բարձր մակարդակի մաքուր ջրամբար, մինչդեռ նրա մակարդակը հետզհետե իջել է` իր հետ բերելով շատ վատ երևույթներ»,– ասաց Հովհաննիսյանը։
Նշենք, որ Սևանա լճի մակարդակը 1900 մ 38 սմ բարձրության վրա է, նախորդ տարվա փետրվարի 1-ի համեմատ այն նվազել է 14 սանտիմետրով։
Հավելենք, որ Սևանա լճում ջրիմուռների (նաև ցիանոբակտերիաների) ծաղկումը հիմնականում պայմանավորված է ֆոսֆորի և ազոտի միացությունների մեծ քանակությամբ, որը ծառայում է որպես սննդանյութ, ջրի բարձր ջերմաստիճանով, լույսի բավական մեծ ինտենսիվությամբ և լճի մակարդակի իջեցմամբ։