ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Ռազմագերիներին չպետք է դարձնել հանրային հետաքրքրության առարկա, այդպիսի գործողություններն ուղղակիորեն արգելված են Ժնևյան 3-րդ կոնվենցիայի 13-րդ հոդվածով։ Այս հայտարարությունն արել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` անդրադառնալով ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից հայ ռազմագերիների մասնակցությամբ տեսանյութի տարածմանը։
Ադրբեջանի հեռուստաընկերություններից մեկը հունիսի 5-ին հեռարձակել է տեսանյութ, որում անդրադարձել է հայ ռազմագերիներին։ Ռեպորտաժում ադրբեջանցի լրագրողը զրուցում է հայ ռազմագերիների հետ։
«Արգելքը հետապնդում է 2 հիմնական նպատակ. հարգել ռազմագերու արժանապատվությունը և պաշտպանել գերեվարման ընթացքում ու դրանից հետո ցանկացած ոտնձգությունից: Ռազմագերիները, գտնվելով անազատության պայմաններում, չեն կարող անկաշկանդ կերպով ձևավորել և ներկայացնել իրենց համաձայնությունը տեսանկարահանվելու և նրանց մասնակցությամբ տեսանյութերի հեռարձակման կամ տարածման առնչությամբ»,–ընդգծել է Մանասյանը։
ՄԻՊ–ի խոսքով` ռազմագերիների վերաբերյալ տվյալների հրապարակման և սոցիալական ցանցերով տարածման հետևանքով նրանք հանրության կողմից լրացուցիչ թիրախավորվում են, ինչի մասին են վկայում նաև տեսանյութի վերաբերյալ ադրբեջանական օգտատերերի բացասական մեկնաբանությունները։
Պաշտպանը կոչ է անում հայաստանյան լրատվական համայնքին խուսափել հայ ռազմագերիների վերաբերյալ ադրբեջանական աղբյուրներից վերցված տեսանյութերը տարածելուց՝ նրանց հանրային հետաքրքրությունից զերծ պահելու նպատակով։
Այս հարցի վերաբերյալ առավել մանրամասն իրավական դիրքորոշումն ուղարկվել է միջազգային գործընկերներին, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցներին։
Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը մայիսի 26-ին հայտնել էր սահմանին երկու զինծառայողի անհետացման մասին։ Հետո հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ԶՈւ զինված խումբը մուտք է գործել ՀՀ տարածք և առևանգել զինծառայողներ Հարություն Հովակիմյանին և Կարեն Ղազարյանին: Հայաստանի ԱԳՆ-ն իր հերթին դիմել էր Ադրբեջանի ղեկավարությանը՝ առևանգված երկու զինվորներին ազատ արձակելու և վերադարձնելու կոչով: Մայիսի 27-ին Ադրբեջանում դատարանը կալանավորել է հայ զինվորականներին։