ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Թուրքիայի ղեկավարը նշել է Կախովկայի հիդրոէլեկտրակայանի շուրջ ստեղծված իրավիճակի համապարփակ հետաքննության կարևորությունը։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը։
«Էրդողանը նշել է, որ կարևոր է Կախովկայի հիդրոէլեկտրակայանում պայթյունի վերաբերյալ համապարփակ հետաքննություն անցկացնել այնպես, որ կասկածներ չմնան։ Նա հայտարարել է, որ կարող է հանձնաժողով ստեղծել ռուս և ուկրաինացի փորձագետների, ինչպես նաև ՄԱԿ-ի և միջազգային հանրության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է իր ներդրումն ունենալ այս հարցում»,–նշված է հայտարարության մեջ։
Ըստ հաղորդագրության՝ ՌԴ նախագահը Էրդողանին ասել է, որ Կիևը` Արևմուտքի առաջարկով, վտանգավոր խաղադրույք է կատարում էսկալացիայի վրա՝ օգտագործելով ահաբեկչական մեթոդներ, Ռուսաստանում կազմակերպում է դիվերսիա։
Հունիսի 6-ի գիշերը գնդակոծությունների հետևանքով Կախովկայի ՀԷԿ-ի վերին հատվածը փլուզվել է, ամբարտակը չի վնասվել։ Ենթադրաբար, ՀԷԿ–ին ուկրաինացի զինվորականների կողմից հասցված հարվածն իրականացվել է «Օլխա» ՀԿՌՀ–ից։ Ջրի չկառավարվող բացթողում կա։ Բնակչությանը տարհանելու անհրաժեշտություն դեռ չկա։
Իշխանությունների տվյալներով` մոտ 600 տուն է ջրի տակ անցել։ ՀԷԿ-ի շրջանում ջրի մակարդակն առավելագույնս կարող է հասնել 12.5 մետրի։
Կախովկայի ՀԷԿ-ը Դնեպրովյան ՀԷԿ-երի կասկադի 6-րդ աստիճանն է (ստորին և վերջին)։ Այն գտնվում է Նովայա Կախովկա քաղաքից 5 կմ հեռավորության վրա։