Պետք է գրել զինգրքույկներում. Քոչարյանը` 44-օրյային ՆԳՆ ծառայողների մասնակցության մասին

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը. Արխիվային լուսանկար
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ հարցը պետք է լուծվի ՆԳ և պաշտպանության նախարարությունների համատեղ աշխատանքի միջոցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկեց Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Ներքին գործերի նախարարության ծառայողների զինգրքույկներում ավելացնել մասնակցելու մասին համապատասխան գրառումը։ Նման առաջարկ Քոչարյանն արեց հանձնաժողովի նիստի ժամանակ` դիմելով ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանին և պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին։
«44-օրյա պատերազմի ընթացքում ՆԳՆ շատ ծառայողների ստացել են վիրավորումներ և նրանցից շատերի, գուցե բոլորի մոտ չկա մասնակցի համապատասխան գրառումը։ Պետք է պաշտպանության նախարարության հետ խնդիրը փորձել լուծել։ Դրանից կախված է նաև այդ մարդկանց որոշակի արտոնություններից օգտվելու հնարավորությունը»,– նշեց Քոչարյանը։
Նա հիշեցրեց, որ ՆԳՆ ծառայողները զինված ուժերի ծառայողների հետ հավասար պայքարել են այդ օրերին, նաև զոհեր են տվել։