ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Հայաստանում վերջին մեկ ամսվա ընթացքում գրանցված սննդամթերքի էժանացումը պայմանավորված է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոններով։ Sputnik Արմենիայի եթերում ասել է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը` վերլուծելով սպառողական շուկայում գների անկման պատճառներն ու ապագայի հնարավոր տենդենցները։
Գնանկման հիմնական պատճառերից մեկը մասնագետը համարում է սննդամթերքի ներմուծման ծավալների աճը և դրանով պայմանավորված` ներքին շուկայում մրցակցության ուժեղացումը։
«Մրցակցության ուժեղացման արդյունքում բարձր գները պահպանելը բավականին բարդ է։ Այդ իսկ պատճառով գնանկում կարող է արձանագրվել առաջին հերթին պայմանավորված ներմուծման ծավալների աճով»,– ասաց Խաչատրյանը։
Տնտեսագետը վկայակոչում է նաև միջազգային շուկայում գրանցված գնանկումը` պայմանավորված սեզոնայնությամբ ու թարմ միրգ–բանջարեղենի շուկա մուտք գործելով։
Բացի այդ, գների վրա, ըստ Խաչատրյանի, դրական ազդեցություն են ունեցել նաև դրամի կայունացումն ու ԿԲ–ի վարած դրամավարկային քաղաքականությունը։
«ԿԲ–ն դեռևս շարունակում է բարձր պահել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Բայց, այնուամենայնիվ, երբ որ ֆիքսվեն արդեն գնանկման միտումները, և մենք ունենանք 4+-1 % միջակայքը, որը սովորաբար ԿԲ–ի համար թիրախային է, կարծում եմ, վերաֆինանսավորման տոկոսադրույքը ԿԲ–ն 10.75%-ից կիջեցնի»,– եզրակացրեց տնտեսագետը։
Ինչ վերաբերում է համաշխարհային շուկայում կենսական կարևորության պարենամթերքների` հացահատիկի, ձեթի գների հնարավոր փոփոխություններին, Վիլեն Խաչատրյանը նշեց, որ ֆյուչերսային գներից դատելով, մասնագետներն այս տարի բավական բարձր բերքատվություն են կանխատեսում, ինչով էլ պայմանավորված են դրանց համեմատաբար ցածր միջազգային գները։
Հիշեցնենք` վերջին մեկ ամսվա ընթացքում (մայիսին` ապրիլի նկատմամբ- խմբ.) հայաստանյան շուկայում սպառողական գները նվազել են 1.3%–ով։
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` Էժանացել է հատկապես սննդամթերքը` 4.1 տոկոսով։
Ամենաշատը ապրիլ–մայիսին նվազել են բանջարեղենի գները` 19.7 %–ով, իսկ միրգն էժանացել է 4.6–ով։ Ձուկը, ծովամթերքը, կաթնամթերքը, պանիրն ու ձուն էժանացել են 0.9 %–ով, միսը` 0.2, հացն ու ձավարեղենը` 1.5 %–ով։ Յուղեր, ճարպեր ապրանքային խմբում մեկամսյա գնանկումը կազմել է 2.8%։