Նարեկ Մկրտչյանը Ժնևում խոսել է Արցախի ժողովրդի նկատմամբ դրսևորվող ագրեսիայի մասին

Նարեկ Մկրտչյան. Արխիվային լուսանկար
Նարեկ Մկրտչյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը մեծապես խոչընդոտում է մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Ժնևում անցկացվող Աշխատանքի միջազգային համաժողովի 111-րդ նստաշրջանում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը բարձրացրել է ԼՂ ժողովրդին և ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ դրսևորվող ադրբեջանական ագրեսիային առնչվող հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱՍՀ նախարարության մամուլի ծառայությունը։
«Լեռնային Ղարաբաղի 120,000 բնակչի ավելի քան կես տարի շարունակվող շրջափակումը մեծապես խոչընդոտում են մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը։ Ներկայում ԼՂ ժողովուրդը զրկված է առողջության, աշխատանքի և ազատ տեղաշարժի իրավունքից, ինչը հակասում է միջազգայնորեն ընդունված նորմերին, մասնավորապես՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, Աշխատանքի միջազգային կազմակերպության նպատակներին և դրանց վերաբերող հռչակագրին»,- նշել է նախարարը։
Խոսելով աշխատանքի և զբաղվածության ոլորտում ՀՀ–ում իրականացվող միջոցառումների մասին՝ Մկրտչյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է անհրաժեշտ ջանքեր և ռեսուրսներ ներդնել բարեփոխումների ուղղությամբ։
Նախարարն իր ելույթում ընդգծել է նաև 2030 թ․ Կայուն զարգացման օրակարգի իրականացման գործում արժանապատիվ աշխատանքի կարևորությունը։
Միաժամանակ, նախարար Մկրտչյանը ելույթի ընթացքում բարձր է գնահատել Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ ՀՀ 31 տարվա համագործակցությունը։
Միրզոյանը վստահ է` ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային առաքելություն ուղարկելու հրամայական կա
Նստաշրջանին մասնակցել են Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) 187 անդամ երկիր ներկայացնող պատվիրակություններ։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Այս տարվա փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց էր կիրառել` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։
Այս որոշումը ոչ միայն չի կիրառվել, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։