Հռոմի Ֆրանցիսկոս պապին այսօր կվիրահատեն

Հռոմի Ֆրանցիսկոս պապը. Արխիվային լուսանկար
Հռոմի պապը «Ջեմելլի» հիվանդանոց է գնացել Վատիկանում ավանդական համընդհանուր ընդունելությունից անմիջապես հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Հռոմի Ֆրանցիսկոս պապն այսօր կվիրահատվի «Ջեմելլի» հիվանդանոցում, որտեղ նա նախօրեին հետազոտվել է։ Այս մասին հայտնում է Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը։
Խոսքը լապարատոմիա անցկացնելու և պրոթեզավորմամբ որովայնի պատի պլաստիկ վիրաբուժության մասին է։ Վիրահատությունը կատարվելու է ընդհանուր անզգայացմամբ։
«Բուժհաստատությունում նա կմնա մի քանի օր, որպեսզի ապահովվի հետվիրահատական նորմալ ընթացքն ու լիարժեք վերականգնումը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հռոմի պապը «Ջեմելլի» հիվանդանոց է գնացել Վատիկանում ավանդական համընդհանուր ընդունելությունից անմիջապես հետո։
Հունիսի 6-ի առավոտյան 86-ամյա քահանայապետն այդ հիվանդանոցում կարճատև բուժզննում է անցել և կեսօրին վերադարձել Վատիկան։ Մարտի վերջին Ֆրանցիսկոս պապը երեք օր անցկացրել էր «Ջեմելլի» հիվանդանոցում ինֆեկցիոն բրոնխիտի բուժման համար։
2021 թվականի հուլիսին Պապը 10 օր անցկացրել է այդ հիվանդանոցում։ Այդ ժամանակ նա պլանային վիրահատություն էր տարել հաստ աղիքի հետ կապված հիվանդության պատճառով։