ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին վերաբերող հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հիմնահարցի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը զրուցել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։
«Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, գլխավոր դատախազն անդրադարձ է կատարել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հիմնահարցին՝ ընդգծելով ԿԽՄԿ դերը նրանց իրավունքների ապահովման և վերադարձի հարցում»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հավելենք, որ Բաքուն այս պահին հաստատում է հայկական կողմից 33 անձի գերի լինելու փաստը։ Պաշտոնական Երևանը, սակայն, վստահեցնում է, որ նրանց թիվն ավելի մեծ է։ Իրավապաշտպանների տվյալներով` ադրբեջանական գերության մեջ է գտնվում 80 անձ։
Սիրանուշ Սահակյանը պնդում է` Բաքվում ոչ թե 33, այլ 80 գերի ունենք