Գերմանիան ակնկալում է, որ Բաքվում պահվող հայ ռազմագերիները անհապաղ ազատ կարձակվեն. Ռոթ

Միխայել Ռոթը հույս ունի, որ սահմանազատման գործընթացի արդյունքում անվերապահորեն կճանաչվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Գերմանիան ակնկալում է, որ խաղաղության շուրջ բանակցությունների շրջանակում անհապաղ ազատ կարձակվեն նաև Բաքվում պահվող հայ ռազմագերիները: Այս մասին Երևանում կայացած ասուլիսի ժամանակ ասել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը:
«Ակնկալում ենք, որ խաղաղության շուրջ բանակցությունների շրջանակում անհապաղ ազատ կարձակվեն նաև հայ ռազմագերիները, որոնք պահվում են Բաքվում, և, որ սահմանազատման գործընթացի արդյունքում անվերապահորեն կճանաչվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,-ասել է նա:
Ռոթը հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները կշարունակվեն ամենատարբեր ձևաչափերով՝ նաև ԵՄ-ի, Ֆրանսիայի ու Գերմանիայի մասնակցությամբ:
«Առաջիկայում Վաշինգտոնում տեղի կունենան ինտենսիվ բանակցություններ: Այդ բանակցությունները կշարունակվեն ամենատարբեր ձևաչափերով նաև ԵՄ-ի, Ֆրանսիայի ու Գերմանիայի մասնակցությամբ և ընդգրկմամբ»,-ասել է նա:
Անդրադառնալով վերջերս Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպմանը Ռոթը նշել է, որ գլխավոր դերակատարը ԵՄ-ն է՝ հանձինս ԵԽ նախագահ Շառլ Միշելի:
«Մենք՝ որպես միջին մեծության երկու եվրոպական երկրներ, պարզապես մաս ենք կազմում Եվրամիության այդ մեծ հանձնառությանը: Եվ կուզենայինք մեր համեստ նպաստը բերել խաղաղության գործընթացին»,-ասել է նա:
Ռոթը նաև նշել է, որ Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպմանը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությունը բավականին դրական արձագանքներ է գտել հայ հանրության շրջանում:
Միխայել Ռոթը նաև հույս է հայտնել, որ Ադրբեջանը ևս առաջիկայում համաձայնություն կտա ադրբեջանական կողմում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության համար, սակայն այս առումով լավատեսական ազդակներ չեն ստացվել, թեև համարում են, որ խաղաղության և կայունության խնդիրը ոչ միայն Հայաստանի խնդիրն է:
Հիշեցնենք` Միխայել Ռոթի գլխավորած պատվիրակությունն այսօր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ուղեկցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հանդիպել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։